ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի ուղերձը հայկական բանակի կազմավորման 16-ամյակի առթիվ:

28 Января, 2008 00:00
Մեծարգո  պարոն  նախագահ, Վեհափառ  Տեր,
Հարգարժան  հյուրեր,
Պարոնայք  գեներալներ, սպաներ, զինվորներ

Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 16-ամյակը. տոն, որի մասին երազել են մեր նախնիները, օրհնել այն օրը, երբ մեր ազգը նորից կունենա պե­տականություն և ազգային բանակ: Օրհնել այն սերունդը, որի օրոք կստեղծվի ու կկայանա հայոց բանակը:

Եվ այդ բանակը ստեղծվեց: Ստեղծվեց ու կայացավ առաջին կամավորական ջոկատ­ների, ինքնապաշտպանական ուժերի հիման վրա, ինչպես նաև ազգի արժանավոր զավակների, այդ թվում նաև ազգային հերոս Վազգեն Սարգսյանի` հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրով և անգնահատելի ջանքերով` ազգային ազատագրական պայքարի գաղափարի շուրջ, ագրեսորի հարձակումները արյունահեղ մարտերով ետ մղելու և միաժամանակ կանոնավոր բանակ կազմավորելու ծանրագույն պայմաններում: Իր կարճատև պատմության ընթացքում անցնելով պատերազ­մի բովով, հայոց բանա­կը կոփվեց` դառնալով մեր երկրի անվտանգության երաշխիքը: Փայլուն ռազմական գործողություններ իրականացնելով, հայ ժողովուրդը ցույց տվեց հայրենիքը կրծքով պաշտպանելու իր վճռականությունը և իրեն պարտադրված դժվարությունները հաղթահարելու հզոր կամքը: Բանակաշինության 16-ամյա փորձը հաստատեց այն տարիներին ընդունված որոշումների ճշմար­տացիությունը, երբ մարտական գործողություններին զուգահեռ կազմավորվում էին զորամիավորումներ և զորամասեր, զորքերը համալրվում էին անձնակազմով, ռազմա­կան տեխնիկայով և սպառազինությամբ, կառուցվում էին զինվորա­կան ավաններ, զորանոցներ, հրաձգարաններ, ինչպես նաև լուծվում էին բազմաթիվ սոցիալ-կենցաղային խնդիրներ: Հարկ է նշել, որ բանակաշինության ողջ ըն­թացքում զինված ուժերը մշտապես մեր պետության ղեկավարության ուշադրության կենտրոնում են եղել: Հատուկ ուշադրություն է դարձվել զորքերի` մարտական, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության բարձրացմանը: Բանակը համալրվել է տեխնիկայով, զենք-զինամթերքով, սպառազինության ժամանակակից միջոցներով: Կուտակվել են զգալի պաշարներ: Լուրջ քայլեր են ձեռնարկվել զինված ուժերում կարգուկանոնն ամրապնդելու ուղղությամբ: Հանցավորության և իրավախախտումների դեմ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որը նպաստում է կանոնադրային բարքերի և հարաբերությունների ամրապնդմանը: Հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն դարձվեց ինչպես զինծառայողների, այնպես էլ զոհված (մահացած) և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը. միայն 2007թ.-ին զինծառայողներին է հանձնվել 346 բնակարան: Նախատեսվում է այս տարի դրանց թիվը հասցնել 475-ի: 2007թ.-ի ընթացքում անձնակազմին կատարվող վճարումների չափն ավելացել է 20, իսկ 2008թ.-ի հունվարի 1-ից` ևս 10 %-ով: 60%-ով ավելացել է նաև զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակված կենսաթոշակի չափը: Զոհված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամ զինծառայողների 448 անօթևան ընտանիքների` բնակարան ձեռք բերելու համար 2007թ.-ին հատկացվել է 3 միլիարդ դրամ փոխհատուցում, ևս 3 միլիարդ դրամ Կառավարությունը նախատեսել է հատկացնել այս տարի: Հարկ եմ համարում նշել, որ մեծ է պաշտպանության նախկին նախարար, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի դերը վերոնշյալ գործընթացներում: Մենք գի­տակցում ենք, որ, զինված ուժերը և ընդհանրապես, պաշտպա­նական համակարգը քարացած կառույց չէ, այն պետության և հասարա­կության ամենակարևոր օղակներից մեկն է: Մեր պետությունն ու հասարակությունն անընդհատ զարգանում են, ձեռք բերում նոր որակներ: Այդ զարգացմանը զուգընթաց աճում է նաև Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունը: Այսօր մենք մեր առջև դնում ենք այնպիսի համարձակ նպատակներ, որոնք դեռևս մի քա­նի տարի առաջ անիրական կթվային: Ուստի, Հայաստանի և հայ հասարակության ռազմական անվտանգությունն ապահովելու համար զին­ված ուժերը պետք է համաքայլ ընթանան վերոնշյալ բոլոր զարգացում­ներին: Ելնելով այս սկզբունքային դիրքորոշումներից, երկրի նախագահի կողմից հաստատվել է «ՀՀ պաշտպանական բարեփոխումների ծրագի­րը մինչև 2015թ.»: Իրականացվող պաշտպանական բարեփոխումներն ուղղված են զինված ուժերի արդիականացմանն ու մարտունակության բարձրացմանը, ռազմական անվտանգության ապահովմանը, զինված ուժերի կայուն և համակողմանի զար­գացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, քաղաքացիական հատուկ ծառայության ներդրմանը, զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին: Զինված ուժե­րում կադրային և կրթական քաղաքականություն իրականացնելիս շա­րու­նա­կվելու է համակարգի համալրումը տեսական և գործնական գիտելիքներով օժտված զինծառայողներով: Կշարունակվի նաև զինված ուժերի` սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրումը: Պաշտպանական բարեփոխումների իրականացման առումով գլխավոր խնդիրներից էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարու­թյան նախագծի մշակումը և հաստատումը, որն էլ իր հերթին հնարավորություն տվեց մշակել և ընդունել ՀՀ ռազմական դոկտրինը` մեր երկրի պետական ռազմական քաղաքականության մշակման և ռազմական անվտանգության ապահովման հիմնական փաստաթուղթը: Այսօր մեր զինված ուժերը կայուն զարգացման փուլում են և չափազանց կարևոր է բանակ-հասարակություն հարաբերությունը, որը կենսական է թե մեկի, և թե մյուսի համար, քանզի ուժեղ, մարտունակ, բարոյական բարձր չափանիշների վրա հենվող հա­սարակության վստահությունն ու հարգանքը վայելող բանակն է ի զորու ապահովել սեփական ժողովրդի և պետության անվտանգությունը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, գիտության, կրթության, մշակույթի գործիչների հետ: Մեր զորամասերի դռները միշտ բաց են Ձեր առջև և ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ ինչպես նախազորակոչային տարիքի երիտասարդների, այնպես էլ մեր զինծառայողների ռազմահայրենա­սիրա­կան դաստիարակության գործում Ձեր ակտիվ մասնակցության համար: Ինչպես և նախկինում, շարունակելու ենք ռազմական համագործակցությունը ինչպես Հավաքական անվտանգության պայմա­նագրի կազմակերպության և Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ այս կազմակերպությունների ան­դամ պետությունների և Հայաստանի մյուս գործընկերների հետ: Միջազգային անվտանգության ապահովման առումով լինելով ոչ միայն սպառող, այլև մասնակից` մենք կշարունակենք մեր զինված ուժերի ակտիվ գործունեությունը միջազգային խաղաղապահ գործընթացին: Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում պատերազմ և կանենք ամեն հնարավորը այն բացառելու համար: Մենք ոչ ոքի չենք սպառնում և ցանկանում ենք բոլորի հետ ապրել խաղաղ, սակայն ճշմարիտ է այն թեզը, որ. «Չպետք է կարծել, թե հակառակորդը չի գա, այլ պետք է մտածել, թե ինչով նրան դիմավորել»: Հայկական բանակի հիմնական խնդիրը եղել ու մնում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության անկախության, պետական սահմանների ու ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչը բանակի ստեղծման օրից իրականացվել է փառքով ու պատվով և հետագայում էլ կիրա­կանացվի արժանապատվությամբ: Մենք ունենք բավարար կամք` ավարտին հասցնելու համար այն պայքարը, որ սկսվեց ուղիղ 20 տարի առաջ: Մեր ուժն ու վճռականությունն ապացուցել ենք 90-ականների սկզբին, կապացուցենք նաև վաղը` եթե հարկ լինի: Հայոց բանակի 16-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավո­րում եմ բոլորին` զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար, վետերաններին, ազատամարտիկնե­րին, ողջ հայ ժողովրդին: Տոնական այս օրը ևս մեկ անգամ հիշենք և գլուխ խոնարհենք մեր զոհված մարտական ընկերների հիշատակի առջև: Կրկին երախտագիտությամբ հիշենք բոլորին` անուն առ անուն` Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Ջիվան Աբրահամյան, Մոնթե Մելքոնյան, Յուրա Պողոսյան, Վիտյա Այվազյան, Գեղազնիկ Միքայելյան և բազում այլ քաջեր, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի: Փա~ռք հայ ժողովրդին և նրա փառապանծ բանակին, Փա~ռք Հայաստանի Հանրապետությանը ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
  • Поделиться