ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հարցազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

6 Марта, 2008 00:00
Ս.թ մարտի 6-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կայացավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հարցազրույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ս.Օհանյանը նախ ողջունեց լրագրողներին` կարևորելով նրանց դերը հասարակությանն իրազեկման գործում` նշելով, որ վերջիններս տեղեկատվական կամրջի դեր են կատարում բանակ-հասարակություն հարաբերություններում:

Հարցազրույցի ընթացքում Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին, խոսեց մասնավորապես վերջին երկու օրերի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նա նշեց, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում լինում է գրեթե ամեն օր. ՙԿրակոցներ լինում են տարբեր հատվածներում` Նոյեմբերյանից մինչև Վարդենիս: Իսկ այս օրերին և’ Տավուշում, և’ Արարատի մարզում, և’ Վայքում եղել են կրակոցներ: Դրանք ուղեկցվել են նաև հրետանային արկերով: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից բացվել է համապատասխան կրակ` հավասարակշռությունը պահպանելու նպատակով՚: Լրագրողի այն հարցին, թե ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվել է հայկական կողմից` շեղելու համար ուշադրությունը Երևանում հայտարարված արտակարգ դրությունից, գեներալ-գնդապետ Ս.Օհանյւանը պատասխանեց. ՙՈւշադրության շեղման խնդիր չկա: Մենք չէինք կարող նման գործողությունների գնալ, երբ չգիտես, թե ինչ ելք կունենա, ինչպիսի կորուստներ մենք կունենանք: Պատկերացնում եք, եթե մենք հարձակողական գործողություններ կատարեինք` բաց դաշտով հարձակվեինք նրանց վրա, և միայն երկու վիրավոր ունենայինք, իսկ իրենց կորուստները այդքան մեծաթիվ լինեին՚: Իսկ օտարերկրյա լրատվամիջոցներում տեղ գտած այն հաղորդագրություններին, թե վարչապետ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել սվինների օգնությամբ, և, որ եթե բանակի գեներալների մի մասն անցներ հասարակության կողմը, ապա իրավիճակը կտրուկ կփոխվեր, Ս.Օհանյանը հակադարձեց. ՙԿարծում եմ, այն իրողությունը, որ տիրում է Հայաստանում, դա փաստ է. Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել: Սա լոկ խոսքեր չեն, ընտրությունների ժամանակ քվեարկություն է եղել, և այդ քվեարկության տվյալները կան. ոչ միայն մենք, այլև շատ պետություններ ընդունել են դա, շնորհավորել են: Այս ամենը մենք պետք է հիմք ընդունենք, իսկ այլ տեսակետների արտահայտման ձևը երկխոսությունն է՚: Գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը նշեց նաև, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը չի խանգարի այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը Հայաստանում, քանի որ մենք ունենք միջազգային պայմանագրեր և ռազմական համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակներում էլ անցկացվում են զորավարժությունները. ՙՄենք լրջորեն սկսել ենք պատրաստվել զորավարժությունների առաջին փուլին: Պատրաստվում են ոչ միայն Զինված ուժերը, այլ նաև ամենատարբեր պետական գերատեսչությունները, ամբողջ Հայաստանը՚: Ս.Օհանյանը խոսեց նաև Իրաքում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների մասին, ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է այդ առաքելությունը. ՙՀայաստանը ոչ միայն միջազգային անվտանգության սպառող է, այլև այդ անվտանգությունն ապահովող գործընթացի մասնակից: Նման առաքելությունների իրականացումը թույլ կտա շահել այն գերտերությունների և միջազգային կառույցների համակրանքը, որոնք զբաղվում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ՚: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փաստեց նաև, որ խաղաղապահ առաքելության իրականացումը վկայում է, որ հայ խաղաղապահները բարձր մակարդակով են կատարում իրենց գործը Իրաքում և Կոսովոյում:
  • Поделиться