Պաշտպանության Բանակի սպան պարգևատրվեց մարտական գործողություններում ցուցաբերած խիզախության համար
15 Марта, 2008 00:00Ս.թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու հայ – ադրբեջանական սահմանագծում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված ԼՂՀ ՊԲ սպա, ավագ լեյտենանտ Արմեն Հոխանյանին: Շնորհակալություն հայտնելով մարտական դիրքերում առաջադրանքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պաշտպանության նախարարը վերջինիս պարգևատրեց ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով և նրան նվիրեց շվեյցարական արտադրության ժամացույց:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից` Միքայել Հարությունյանը, կանխելով հանդիպումը լուսաբանող լրագրողներին հուզող խնդիրների վերաբերյալ հավանական հարցադրումները, նախ հակիրճ անդրադարձավ վերջին շրջանի զարգացումներին: Նախարարը մասնավորապես ասաց. «Մարտի 4-ին հայ – ադրբեջանական շփման գծում կատարվածը վերջին տասը տարիներին չունի իր նախադեպը: Անշուշտ, այդ տասնամյակի ընթացքում երկրում էլի եղել են ներքաղաքական սուր զարգացումներ, բայց սա առաջին անգամ էր, որ, խախտելով հրադադարը և այն պահպանելուն կոչված համաձայնագրի պահանջները, հակառակորդը փորձեց խախտել հավասարակշռությունը` ռազմական գործողություններում օգտագործելով նաև տարբեր տրամաչափի հրետանի: Եվ մինչ տարբեր մակարդակներում քաղաքական և ռազմական ղեկավարները, միջազգային միջնորդները փորձում էին շտկել իրավիճակը` ավագ լեյտենանտ Արմեն Հոխանյանն ու մարտական ծառայություն իրականացնող, սահմանը պաշտպանող մյուս զինծառայողները քաջաբար ընդունեցին իրենց պարտադրված մարտը: Նրանց անձնական արիության և խիզախության շնորհիվ, մի քանի ժամ տևած մարտական գործողությունների արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվեց հետ վերադարձնել կորցրած դիրքերը: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը մարտի 1-ի դեպքերից հետո շտապեց հայտարարել, որ իրենք մտադիր չեն օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայունությունից, այդուհանդերձ սադրանքը չուշացավ:
Կասկած չկա, որ հակառակորդը ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին և, ենթադրելով, որ Երևանում Արտակարգ դրության իրավական կողմի ապահովման նպատակով բանակի ներգրավման հետևանքով կթուլանա զգոնությունը սահմանագծում` անցավ հարձակման: Ինչպես տեսանք` սխալ էր նրանց հաշվարկը, քանի որ հայ մարտիկը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է անթերի կատարել մարտական առաջադրանքը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր զինծառայողներին, ովքեր ամուր պահեցին իրենց վստահված դիրքերը, հավաստիացնում եմ, որ նրանք մեր օրերի հերոսներ են և նրանց օրինակով զինվորի մարտական ոգին բարձր է սահմանի ողջ երկայնքով: Հույս ունեմ նաև, որ մեր սպան արագ կապաքինվի և կվերադառնա շարք:
Հավելեմ, որ լարվածությունը շփման գծում Մարտակերտի միջադեպից հետո չթուլացավ. նույն այդ հատվածում նկատվում էին հակառակորդի ուժերի և զինտեխնիկայի կուտակումներ, այս օրերին էլ և ‘Ղարաբաղի, և’ Հայաստանի հետ շփման գծում հնչում են կրակոցներ: Ինչի կապակցությամբ կարող եմ վստահեցնել, որ հայկական զինված ուժերը իրենց ծառայությունն իրականացնում են համաձայն մարտական պատրաստության պլանների և հրամանատարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու համար:
Բանակի առանձին ստորաբաժանումները Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում Երևանում շարունակում են կատարել իրենց առաջադրված խնդիրները: Ինչպես գիտեք, բանակին է վստահված մայրաքաղաքի հատուկ նշանակության օբյեկտների պահպանությունը, և հայտնում եմ ձեզ, որ մինչ օրս չի արձանագրվել նրանց ծառայությանը խոչընդոտող որևէ պատահար կամ միջադեպ, ինչի կապակցությամբ մեկ անգամ ևս բանակի ղեկավարության անունից երախտագիտությունս եմ հայտնում Երևան քաղաքի բնակիչներին:
Երեկ լրատավմիջոցները հաղորդեցին, թե որքան զենք և զինամթերք է թաքցրել Ազգային Ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը: Վստահեցնում եմ, որ բանակի զենք- զինամթերքը հուսալիորեն հաշվառվում և պահպանվում է, իսկ այն ինչ հայտնաբերվեց ցուցարարների կամ պատգամավորի մոտ, ամենայն հավանականությամբ ապօրինի կերպով պահվել է դեռևս պատերազմական օրերից: Կարծում եմ, որ քննչական մարմինները կտան այդ հարցի պատասխանը, իսկ հետագայում պետությունը կձեռնարկի համապատասխան քայլեր` բնակչությունից առգրավելու ապօրինաբար պահվող զենք-զինամթերքը, ինչի առկայությունը մարտի 1-ին և 2-ին հանգեցրեց ողբերգական ծանր հետևանքների: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին` հավաստիացնելով, որ բանակի կողմից կարվի ամեն հնարավորը կանխելու իրավիճակի ցանկացած սրում: Անդրադառնամ լրատվամիջոցների մեկ այլ արձագանքի: Երեկ «Ազգ» –ը գրել էր Երևանում ծառայություն իրականացնող զինվորների ծնողների մտահոգությունների մասին: Արտակարգ դրության պայմաններում իրենց սահմանադրական պարտքը կատարող զինծառայողների անվտանգ ծառայությունը պայմանավորված է իրավիճակի կայունությամբ: Հավատացած եմ`ծնողներից բացի նաև հանրությունն է շահագրգիռ, որ իրավիճակը արագ կայունանա, իսկ երկիրը` օր առաջ ապրի բնականոն կյանքով»:
Այնուհետև պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը պատասխանեց լրագորղների հարցերին: Նույն օրը նախարարը նաև շրջայց կատարեց ՀՀ ՊՆ ԿԿԶ հոսպիտալում, ծանոթացավ ապաքինվող զինծառայողների խնդիրներին: