Պաշտպանության նախարարության ծախսերը պետք է բավարարեն բանակի պահանջները
13 Мая, 2008 00:00Ս.թ մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ 2007թ.-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկում: Մինչ քննարկումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում Ս.Օհանյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարության համակարգի` 2007թ.-ի պահպանման ծախսերով բյուջետային հատկացումները կատարվել են ամբողջությամբ. «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2007թ.-ին, ծախսային ծրագրերն իրականացվել են զորքերի մարտական պատրաստութան և մարտունակության վիճակի ապահովման նպատակով ռազմական և ռազմատեխնիկական այլ միջոցների համալրման և շահագործման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև զորքերի կենցաղային պայմանների բարելավման, զինծառայողների առողջության պահպանման և այլ գործառույթների ուղղությամբ: 2007թ.- հունվարի 1-ի դրությամբ զինծառայողների և քաղծառայողների դրամական ապահովման և աշխատավարձերի չափերն աճել են շուրջ 20 տոկոսով»:
Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե արդյոք մտահոգիչ չէ այն փաստը, որ Ադրբեջանը տարեցտարի ավելացնում է իր ռազմական ծախսերը, նախարար Ս.Օհանյանն ասաց. «Մենք գիտենք, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը տարեցտարի ավելանում են: Մեր ռազմական ծախսերն էլ, ի տարբերություն անցյալ տարվա, ավելացել են: Դրանք ուղղվել են ինչպես ռազմական կրթության, այնպես էլ մյուս ոլորտներին: Իհարկե, ամեն ինչ անելու ենք, որպեսզի պաշտպանության նախարարության ծախսերը բավարարեն բանակի պահանջներին, բայց ըստ մեր հանրապետության պետբյուջեի հնարավորությունների: Պետք է ամեն ինչ անել` հավասարակշռությունը որակական չափանիշներով պահպանելու համար»:
Իսկ Նախիջևանի սահմանն անցած Հայաստանի չորս քաղաքացիների ճակատագրի առնչությամբ նախարարն ասաց, որ համապատասխան աշխատանք կատարելուց հետո նրանք կվերադարձվեն. «Դեռևս մեկ շաբաթ առաջ պետք է վերադարձվեին, բայց մեզ տեղեկացրին, որ նրանք կվերադարձվեն նախարարությունում համապատասխան աշխատանքներ կատարելուց հետո միայն»:
Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ադրբեջանական կողմը նորից խախտի ձեռք բերված պայամանավորվածությունը, Ս.Օհանյանն ասաց. «Չեմ կարծում. նշված քաղաքացիներին հետ վերադարձնելու պայմանավորվածություն կա»:
Հրադադարի ստորագրման 14-րդ տարեդարձի առթիվ նախարարը նկատեց, որ պետք է ամեն ինչ անել` հրադադարը շարունակելու համար: Մեր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են` հարցը իր տարամաբանական ավարտին հասցնելու և խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու համար»:
Այն հարցին, թե տեսնում է արդյոք նախարարը պատերազմը վերսկսելու վտանգ, Ս.Օհանյանը պատասխանեց. «Այսօր մեր սահմաններում իրադրության սրում չկա»: Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հնչած հարցին նախարարը պատասխանեց, որ զինված ուժերի ստորաբաժանումներն ընդգրկված էին իրադրության պահպանման գործում` մշտական տեղակայման վայրերում, կենտրոնացման շրջաններում. «Զինված ուժերի ստորաբաժանումները եղել են զենքով, սակայն դրանք չեն կիրառվել»: Լրագրողների հետ ճեպազրույցին հաջորդեց արդեն փակ նիստը: