ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպեց ՀՀ զինդատախազության և ՊՆ քննչական վարչության անձնակազմերի հետ
23 Мая, 2008 00:00Ս.թ. մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ զինվորական դատախազության և ՊՆ քննչական վարչության անձնակազմերի հետ` վերջիններիս հետ ծանոթանալու և հետագա գործունեությանն ուղղված խնդիրները հստակեցնելու նպատակով:
Հանդիպման սկզբում ՀՀ զինվորական դատախազ Ա. Խաչատուրյանը ողջույնի խոսք ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարին` ՀՀ զինդատախազություն և ՊՆ քննչական վարչություն կատարած ճանաչողական այցի առթիվ` կոլեկտիվի անունից շնորհավորելով Ս. Օհանյանին` ՀՀ պաշտպանության նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ցանկանալով առողջություն, ամենայն բարիք, ամուր կամք և հաստատակամություն:
Այնուհետև ստորաբաժանումների պետերը մեկ առ մեկ ներկայացրեցին իրենց ենթականերին, որից հետո Ս.Օհանյանը ողջունեց վերջիններիս, և, անդրադառնալով վերոնշյալ ստորաբաժանումների հետագա գործունեությանը, մասնավորապես ասաց.
«Բանակում իրականացվող բարեփոխումներն առաջին հերթին կառուցվածքային փոփոխություններ են, որոնք ներառում են նաև քաղաքացիական տարրի ներմուծում. այսինքն, հստակեցվում են պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի խնդիրները, որոնք արտացոլվելու են նաև պաշտպանության մասին օրենքում: Այս օրենքում արված է ամեն ինչ, որպեսզի պետական յուրաքանչյուր կառույց և յուրաքանչյուր անձ` նախագահից մինչև շարքային քաղաքացի, գիտենա իր խնդիրները պաշտպանության ոլորտում: Արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ տարրի ներդրումը չանդրադառնա բանակի մարտունակության վրա: Քաղաքացիական տարրն առաջին հերթին ներդրվելու է ՊՆ կենտրոնական ապարատում, ապա` մյուս կառույցներում` վերլուծության ենթարկելով արդյունքները: Ռազմավարական վերանայման առումով այս տարի կազմվելու է զինված ուժերի զարգացման պլան, որը մինչ օրս ունեցել ենք տարբեր փաստաթղթերի տեսքով: Որպես առանձին փաստաթուղթ` հաստատված ՀՀ նախագահի կողմից, չի եղել, որը սակայն կլինի: Զինված ուժերի զարգացման պլանն իրենից ներկայացնում է զինված ուժերի մարտունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ` ի հաշիվ կառուցվածքային կատարելագործման, սպառազինության, ռազմական տեխնիկայի արդիականացման և համալրման: ՀՀ նախագահի ծրագրային այն դրույթները, որոնք վերաբերում են օինականության, ազնվության, արդարության, կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին, պետք է դրված լինեն նաև յուրաքանչյուրիս առջև: Սրանք բխում են նաև իմ սկզբունքներից:
Մեր զինված ուժերում հասարակության քննադատության կենտրոնում են զինվորի հետ կապված գործառույթները` հաշվառում զինկոմիսարիատում, բուժզննում, բաշխում հավաքակայանում, բաշխում զորամասերում ըստ մասնագիտության, ըստ ստորաբաժանման, ինչպես նաև անօրինական արձակումներ, արձակուրդներ»:
Նախարարն իր խոսքում նշեց նաև, որ խստապահանջությունը վերոնշյալ երևույթների հանդեպ սկսվում է, առաջին հերթին, համազգեստը կրելու կանոնների խիստ պահպանմամբ` ընդգծելով, որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն անարդարությունները կադրային քաղաքականության, սոցիալական, և հատկապես` գնումների, ձեռքբերումների և ապահովման ոլորտներում:
Ս.Օհանյանը կարևորեց նաև, որ միասին պետք է պայքարել` բանակում հանցավորության կրճատման ուղղությամբ:
Այնուհետև զինվորական դատախազը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի, ինչպես նաև հետաքրքիր և բովանդակալից խոսքի համար` փաստելով, որ առաջարկված աշխատանքային սկզբունքները միանգամայն ընդունելի են: Հավաստիացրեց նաև, որ հետայսու ևս հետամուտ կլինեն զինված ուժերում հանցավորության կրճատմանը, կանխարգելմանը, բանակի մարտունակության բարձրացմանը, հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ արդարացի պատժի իրականացմանը:
Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանձնարարականներ տվեց ՀՀ ՊՆ քննչական վարչության անձնակազմին` նշելով, որ յուրաքանչյուր ոք պետք է ստեղծագործաբար մոտենա իր գործունեությանը, նաև համարձակ` բարեկրթության նորմերում. «Խնդիր ունենք հասարակության մեջ իրականացնելու. զինվորական կառույցները պետք է պատշաճ ձևով ներկայանան, լինեն օրինակելի` բարեկրթության նորմերով, հասարակության մեջ պահվածքով, տարբեր խախտումների արձագանքման, ժողովրդին օգնելու առումով: Իսկ սրա համար յուրաքանչյուր ոք պետք է ապացուցի, որ ինքը այն է, ինչի մասին խոսում է»:
Ս.Օհանյանը հաջողություն մաղթեց անձնակազմերին` ծառայության և հետագա աշխատանքային գործունեության մեջ: