Ս.Օհանյանը մասնակցեց խաղաղապահ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությանը
9 Июня, 2008 00:00Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի մայրաքաղաքային գնդում մասնակցեց ՀՀ խաղաղապահների հերթական հերթափոխի` Կոսովո ճանապարհման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիւազոր դեսպանն ու ռազմական կցորդը:
Նախ հանդիսավոր արարողությանն ընթերցվեց Կոսովո մեկնող հայ խաղաղապահների ուղերձը, որում մասնավորապես ասված էր.
«Պարոն նախարար, ծառայակից ընկերներ, հարգելի հյուրեր
Մասնակցելով խաղաղապահ առաքելության, մենք գիտակցում ենք մեզ վստահված պատասխանատվությունը և հայ խաղաղապահի դերը միջազգային ասպարեզում: Լինելով փոքր պետություն` մենք կատարում ենք մեծ առաքելություն:
Իմ և իմ զինծառայակից ընկերների անունից հավաստիացնում եմ, որ մեծ պատասխանատվությամբ կկատարենք մեր առջև դրված խնդիրները` հերթական անգամ փաստելով, որ հայ զինվորը միշտ պատվով է կատարել իր պարտքը»:
Այնուհետև խաղաղապահներին իր ողջույնի խոսքն ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը.
«Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, հարգելի հյուրեր,
ՀՀ պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ` այս հիշարժան օրվա կապակցությամբ:
Այս օրը առանձնահատուկ է մեր զինված ուժերի համար` խաղաղապահ առաքելության գործընթացում. հերթական հերթափոխն իրականացնելով Կոսովոյում` մենք ոչ թե դասակ ենք ուղարկում այդ առաքելությունն իրականացնելու, այլ արդեն վաշտ:
Հայաստանի Հանրապետությունն իր` շուրջ 800կմ սահմանների պաշտպանությունն իրականացնելուց բացի այսօր լուրջ առաքելություն է իրականացնում Կոսովոյում և հակամարտության այլ գոտիներում` միջազգային հանրությանն ապացուցելով, որ մենք պատրաստ ենք ոչ միայն մեր երկրի պաշտպանությանը, այլ նաև մասնակից լինելու այն միջոցառումներին, որոնք ուղղված են հակամարտության գոտիներում անվտանգության համակարգի ձևավորմանն ու կատարելագործմանը:
Այսօր մեր խաղաղապահ ուժերի ողջ անձնակազմը պատասխանատվությամբ է մոտենում այս խնդրին, որովհետև մեր սեփական դրոշը ներկայացնելուց բացի մենք ՆԱՏՕ-ի ավանդական և մասնակից գործընկերների հետ իրականացնելու ենք այնպիսի խնդիրներ, որոնք ուղղված են տվյալ տարածաշրջանում տվյալ ժողովուրդների անվտանգության ապահովմանը:
Այսօր այդ առաքելությունն իրականացնում ենք Հունաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման կազմում և մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, ինչպես նաև ռազմական կցորդին` այդ առաքելությունն անվտանգ իրականացնելուն և համապատասխան վարժանքներին և զորավարժություններին մեր զորքերի նախապատրաստությանն աջակցելու համար:
Մենք լուրջ առաքելություն ենք իրականացնում նաև այն առումով, որ, համագործակցելով ՆԱՏՕ-ի երկրների ստորաբաժանումների հետ, ավելացնում ենք նաև մեր փոխգործունակ ստորաբաժանումների կարողությունները: Ասել է, թե այլևս ունենալու ենք վաշտ` պատրաստ ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած վայրում կատարել անվտանգության ապահովման խնդիրներ:
Խաղաղապահ բրիգադի, մասնավորապես Կոսովո մեկնող վաշտի անձնակազմին, այս միջոցառման իրականացման ընթացքում, հաջողություն եմ մաղթում: Դուք պատրաստ եք այդ առաքելությանը և պատասխանատվությամբ եք մոտենալու առաջադրված խնդիրներին:
Հաջողություն և բարի վերադարձ` Հայրենի երկիր»:
Այնուհետև Կոսովո մեկնող խաղաղապահ վաշտի ճանապարհման հանդիսավոր արարողությունը եզրափակեց խաղաղապահ գումարտակը` հանդիսավոր շարային երթով: