Ս.Օհանյանը բուժսարքավորումներ նվիրեց ռուսական հոսպիտալին
9 Июня, 2008 00:00Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանում տեղակայված ռուսական զինվորական հոսպիտալ` հոսպիտալի բուժանձնակազմին բուժսարքավորումներ նվիրելու նպատակով:
Նախարարը նախ ողջունեց անձնակազմին` իր խոսքում մասնավորապես ասելով.
«Մենք երրորդ անգամ ենք հանդիպում. առաջին անգամ` որպես ԼՂՀ, իսկ երկրորդ անգամ` որպես ՀՀ պաշտպանության նախարար: Հենց այդ երկրորդ հանդիպման ընթացքում էլ նվիրատվություն կատարելու միտք հղացա:
Մայիսն առանձնահատուկ ամիս է հայ ազգի համար. նախ` Մեծ հայրենականում տարած համատեղ հաղթանակը` մեր ընդհանուր հայրենիքի համար, ապա Շուշիի ազատագրումը:
Եվ այսօր, ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ձեզ այդ Հաղթանակի, ինչպես նաև Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Մեր համագործակցության ողջ պատմության ընթացքում դրական պահեր շատ են եղել. տարբեր ժամանակահատվածներում մենք կողք կողքի մարտնչել ենք և ռուս ազգը, ռուսական զինված ուժերը միշտ օգնել են մեզ:
Այսօր մեր համագործակցությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ ռուսական սահմանապահ ուժերը պաշտպանում են մեր սահմանները, իսկ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական բազան մեր տարածաշրջանում կայունության երաշխավորն է: Այս տարի ՀԱՊԿ շրջանակներում իրականացնելու ենք նաև «Ռուբեժ 2008» համատեղ զորավարժությունները:
Նշեմ, որ ձեր ծառայությունն արժևորվում է նրանով, որ բժշկում եք զինծառայողներին` ինչպես ՌԴ, այնպես էլ, ինչու չէ, նաև ՀՀ զինված ուժերի:
Կրկին շնորհավորում եմ վերոնշյալ տոնակատարությունների առթիվ և հոսպիտալին նվիրում բժշկական սարքավորումներ, որոնք կծառայեն զինծառայողների առողջության վերականգնմանը»:
Նվիրատվության հանդիսավոր արարողության ավարտին ռուսական զինվորական հոսպիտալի պետը շնորհակալություն հայտնեց Ս.Օհանյանին` արժեքավոր նվերների համար` վստահեցնելով, որ դրանք կծառայեն իրենց նպատակին: