Գեներալ-մայոր Հ. Քոթանջյանը` «Մարշալ կենտրոնի` 2008 թ. մայիս ամսվա շրջանավարտ»
13 Июня, 2008 00:00ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը ճանաչվել է Մարշալ կենտրոնի` 2008 թ. մայիս ամսվա շրջանավարտ: Հ. Քոթանջյանը նաև ՀՀ պաշտպանության նախարարի` ռազմաքաղաքական գծով խորհրդականն է:
Հ.Քոթանջյանը մասնակցել է Ջ. Մարշալի անվան Անվտանգային հետազոտությունների եվրոպական կենտրոնի գեներալական դասընթացներին (1998-2). այդ ժամանակ նա եղել է ՀՀ պաշտպանության նախարարության Արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ: Մարշալ կենտրոնում ուսուցումից հետո գեներալ-մայոր Հ.Քոթանջյանին հանձնարարվել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում ստեղծել առաջին հայկական Ռազմական գրասենյակը: 1998-2002 թթ. նա ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` որպես ռազմական, ցամաքային, օդային և ծովային հարցերով ՀՀ կցորդ: Վաշինգտոնում մատուցված ծառայությունների համար Հ.Քոթանջյանը պարգևատրվել է ԱՄՆ-ի Երախտիքի Լեգեոն շքանշանով:
2003 թ. նա ընդունվել է Վաշինգտոնի Պաշտպանական ազգային համալսարանի Ազգային անվտանգության դպրոց` որպես հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ֆելոու) և ավարտել այն 2004 թ.: Այդ ժամանակահատվածում նա նաև ավարտել է ՆԱՏՕ-ի Շտաբային սպաների դասընթացը: Ավելի վաղ` 2001թ., մասնակցել է Վաշինգտոնի «ՌԷՆԴ» մագիստրոսական դպրոցի «Պաշտպանական վերլուծություն» ծրագրին:
Վաշինգտոնում սովորելու տարիներին գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը մշակել է Հայաստանի պաշտպանական համակարգում առաջին պաշտպանական և անվտանգային գիտահետազոտական կենտրոնի հիմնադրման հայեցակարգը: Հետագայում այդ կենտրոնը ձևավորվել է որպես ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, որի պետն է մինչ օրս: ՀՀ Նախագահի հրամանագրով նաև նշանակվել ու 2006-2007 թթ. եղել է Ազգային անվտանգության ռազմավարության ¥ԱԱՌ¤ մշակման Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, ապա ԱԱՌ-ի միջգերատեսչական մշակման նախագծի գիտական ղեկավար:
ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին մասնակցելու Հայաստանի պաշտոնական դիմումի շրջանակներում` գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ստամբուլի գագաթնաժողովին: Նրա` «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղեցույցները Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում» մենագրությունը գրվել և պաշտպանվել է Վաշինգտոնի Պաշտպանական ազգային համալսարանում: Իսկ Հայաստանի «Ազգային անվտանգության ռազմավարությունը» և «Ռազմական դոկտրինը» հաստատվել են ՀՀ Նախագահի կողմից:
Հ.Քոթանջյանը Մարշալ կենտրոնի շրջանավարտների հայկական ասոցիացիայի հիմնադիր անդամ է: 2007 թ. այդ կազմակերպության ամենամյա ժողովում Մարշալ կենտրոնի փոխտնօրեն, գեներալ-մայոր (այժմ` պաշտոնաթող) դոկտոր Հորստ Շմալֆելդի հետ ելույթ է ունեցել որպես գլխավոր զեկուցող և ներկայացրել «Հայ-ամերիկյան մեթոդաբանական համագործակցությունը Հայաստանի առաջին ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակման ասպարեզում» վերնագրով գիտական զեկուցում:
Ք.գ.դ, գեներալ-մայոր Հ.Քոթանջյանն ունեցել է նաև Արտակարգ և լիազոր դեսպանորդ-խորհրդականի դիվանագիտական կարգ (այժմ` պաշտոնաթող):
Սկսած 2007 թ. մարտից` Մարշալ կենտրոնի շրջանավարտների աջակցության գրասենյակը «Մարշալ կենտրոնի ամսվա շրջանավարտ» մրցանակ է սահմանել: Այս նախաձեռնության նպատակն է ներկայացնել Կենտրոնի այն շրջանավարտներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում` նպաստելով ժողովրդավարական հաստատությունների և հարաբերությունների զարգացմանը, ակտիվ և խաղաղ անվտանգային համագործակցությանը, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Եվրասիայի և այլ տարածաշրջանների պետությունների հետ երկարատև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, և դրանով իսկ` Մարշալ կենտրոնի իդեալների արմատավորմանը ավելի կայուն անվտանգային միջավայրի ստեղծման գործում: