Ս.Օհանյանը մասնակցեց Հյուսիս-Ատլանտյան Խորհրդի նիստին

13 Июня, 2008 00:00
Ս. թ հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կոսովոյի գործողություններին մասնակից երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով անցկացված Հյուսիս-Ատլանտյան Խորհրդի նիստին: 

Պաշտպանության նախարարը վերահաստատել է Կոսովոյում անվտանգության և կայունության ապահովման գործողություններին Հայաստանի` աջակցությունը շարունակելու վճռականությունն ու իր գործընկերներին տեղեկացրել է նույն օրը Կոսովոյում հայկական խաղաղապահ ուժերի կրկնապատկման մասին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դը Հոպ Սխեֆերը, Ս.Օհանյանի հետ ունեցած կարճատև զրույցի ընթացքում, ողջունել է Կոսովոյի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում հայկական խաղաղապահ ուժերն ընդլայնելու որոշումը: Բրյուսել կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, Հայաստանում սկսված պաշտպանական բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցությանն առնչվող խնդիրներ:   Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր. նախարարները վերահաստատել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Հունաստանի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում իրականացվող հայ խաղաղապահների առաքելությունն ու նրանց պատրաստվածությունը:
  • Поделиться