Զարգացրեք Ձեր վերլուծական միտքը
28 Июня, 2008 00:00Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց` 1-ին կիսամյակի ավարտման շեմին: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար կազմը:
Ս.Օհանյանը նախ ողջունեց մասնակիցներին` նշելով, որ հերթական խորհրդակցության նպատակն է առանձնահատուկ խնդիրների հետ մեկտեղ իրականացնել նաև քննարկումներ փորձի փոխանակման շրջանակներում. կատարած աշխատանքների և դրանց արդյունքների հիմքում պետք է ընկած լինի վերլուծական մոտեցումը. «Մեծ ներդրում այս պաշտոնում դեռ չունեմ. իմ կողմից առայժմ ներդրվել է խորհրդակցությունների անցկացման նոր կարգը, ժամկետները: Պահանջում եմ նորովի վերաբերմունք` կոլեգիայի քննարկումներին. յուրաքանչյուր ոք պարտավոր է իմանալ իր անելիքները, իր պարտականությունները բարեփոխումների գործընթացում»: Այնուհետև զեկույցներով հանդես եկան ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը` ներկայացնելով կատարված աշխատանքների ամփոփումը:
Այսպիսով. 2008թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում 3 մոնիտորինգից իրականացվել է 2-ը, ընդ որում մեկը չի իրականացվել ադրբեջանական կողմի պատճառով, զգալի աշխատանքներ են կատարվել քաղծառայության ներդրման ոլորտում, մասնավորապես օրենսդրության, քաղաքացիական և զինվորական պաշտոնների հստակեցման ուղղությամբ, հստակեցվում են աշնանային զորակոչի խնդիրները, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցել են Գերմանիայում և Խորվաթիայում անցկացված «Համատեղ ձգտում 2008» զորավարժությանը. կան արդեն դրանց արդյունքների վերաբերյալ գերազանց արձագանքները, մշակվել և տպագրության է ներկայացվել հրետանու մարտական կանոնադրությունը, տարվում են աշխատանքներ` զինկոմիսարիատներում աշխատանքների ավտոմատացման համակարգի ներդրման ուղղությամբ: Կիսամյակի մեծ ձեռքբերումներից էր նաև խաղաղապահ առաքելության ընդլայնումը, մասնավորապես` խաղաղապահ դասակի փոխարինումը վաշտով. ներկայումս Կոսովոյում և Իրաքում խաղաղապահ առաքելություն է իրականացնում ընդհանուր թվով 116 հայ զինծառայող, զգալի դրական տարբերություն է արձանագրվել զինծառայողների կողմից զինվորական համազգեստը կրելու կանոնների պահպանման գործում` այդ կանոնների խախտման դեպքերը խիստ նվազել են:
Նախարարն իր հերթին տեղեկացրեց ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին, որ ՀՀ Կառավարության կողմից ընդունվել է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը և ուղարկվել Ազգային Ժողով` քննարկման: Ինչպես նաև հայտնեց, որ իր իսկ առաջարկով նախատեսվում է ՀՀ Կառավարության անդամների այց Տավուշի մարզ. այցի ընթացքում հանդիպումներ են լինելու ինչպես առաջնային գծում, այնպես էլ` մարզի ազգաբնակչության հետ:
Ս.Օհանյանը հատուկ ուշադրություն դարձրեց նորարարական մտքին` իրականացվող աշխատանքներում, իսկ այդպիսիք, ինչ խոսք կային. ստեղծվել են հրամանատարական արկղեր, որոնք հեշտացնում են հրետանային մարտի վարումը:
Իրականացված աշխատանքների ամփոփումից անմիջապես հետո նախանշվեցին նաև անելիքները մոտ ապագայում: Առաջարկվեց. շարունակել ռազմաարդյունաբերության ոլորտի արդիականացումը, պայքար տանել հնամաշության դեմ` ավտոմոբիլային, հակաօդային պաշտպանության հնամաշ միջոցները, զինամթերքը պարբերաբար թարմացնել, կրճատել գործուղումների քանակը ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատից զորքեր` դրանց թիվը հասցնելով նվազագույնի, գործուղումներ իրականացնել միայն ցածր արդյունք ցուցաբերած զորամասեր` ուղղություն և օգնություն ցուցաբերելու նպատակով, կատարելագործել մարտական հերթապահությունը, կատարել վերնախավի կրճատում համակարգում` ընդլայնելով ստորին օղակները, մշակել ծրագիր` 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին, առանց տարկետման իրավունքի, զորակոչելու վերաբերյալ, ուշադրություն դարձնել անակնկալ ստուգումների արդյունքում հայտնաբերված թերություններին, խրախուսել խելամիտ նորարարությունների հեղինակներին, հետայսու ուսումնական թռիչքներ իրականացնել նաև գիշերային ժամերին, ՀՕՊ-ի և ավիացիայի փոխգործակցությունը ստուգելու նպատակով անակնկալ ստուգումներ իրականացնել` բարձրացնելով օդուժը, զինկոմիսարիատների անձնակազմերի մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում վերսկսել համապատասխան դասընթացներ, հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում պաշտոնատար անձանց` ֆունկցիոնալ պարտականությունների իմացությանը, կատարման մակարդակին, ներքին կարգապահությանը, բարձրացնել կարգապահությունը զինված ուժերում, լավագույնս լուսաբանել համակարգում իրականացվող միջոցառումները` գրական հայերեն և զինվորական լեզվով` ճիշտ օգտագործելով զինվորական տերմինաբանությունը, լուսաբանման ընթացքում տեսնել և վերհանել լավը` նկատելով նաև թերությունները, լուրջ ուշադրություն դարձնել անձնակազմի ֆիզպատրաստությանը` այն մոտեցնելով մարտական պատրաստությանը, համազգեստը կրելու կանոնների պահպանման վերաբերյալ կազմել ՀՀ պաշտպանության, արդարադատության նախարարների, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ ոստիկանապետի համատեղ հրամանի նախագիծ` ճշտելով վերջիններիս ենթակայության ստորաբաժանումներում համազգեստի ձևը, կրելու կարգը, խստացնել ստուգումները նաև վերջիններիս հանդեպ:
Այնուհետև նախարարը ղեկավար կազմին հանձնարարեց.
1. լուրջ ուշադրություն դարձնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ և ակադեմիաներ ընդունելության գործընթացին,
2. գույքագրել այն ծառայությունները, որոնք անմիջապես առնչվում են հասարակության հետ (զինկոմիսարիատներ, զինծառայողների սոցպաշտպանության վարչություն)` նշված ծառայությունների աշխատանքը հասարակության համար թափանցիկ դարձնելու նպատակով,
3. խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,
4. կատարել հարկային և մաքսային բոլոր պարտավորվածությունները,
5. խիստ պայքար կաշառակերության դեմ,
6. լուրջ ուշադրություն դարձնել մարտավարաշարային պատրաստությանը,
7. բարձր մակարդակով նախապատրաստվել ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» և ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան 2008» զորավարժություններին,
8. հատուկ ուշադրություն դարձնել զինվորական հաշվառման խնդիրներին:
Ս.Օհանյանը ղեկավար կազմին հանձնարարեց նաև գրել ծառայողական բնութագրեր` ձեռագիր` ենթակա անձնակազմի յուրաքանչյուր զինծառայողի վերաբերյալ` տվյալ զինծառայողի դրական կողմերն ու թերությունները վեր հանելու նպատակով` տալով վերջինիս հնարավորություն` թերությունները վերացնելու և դրականը զարգացնելու համար: Ի դեպ, նմանատիպ բնութագրեր պետք է գրեն նաև ենթակա անձնակազմի զինծառայողները` իրենց պետի, վերադասի վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին Ս.Օհանյանը հանձնարարականներ տվեց նաև ՀՀ ՊՆ նորակառույց համալիրի ավարտական աշխատանքների վերաբերյալ` կապված կապի, անվտանգության համակարգերի և բարեկարգման խնդիրների հետ:
«Զարգացրեք Ձեր վերլուծական միտքը», - վերջում եզրափակեց նախարարը: