Գիտելիքն է ձևավորում համոզմունք

16 Июля, 2008 00:00
Ս.թ. հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց այս տարի Ջերմուկում տեղակայված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Հավաքի կազմակերպիչները կազմակերպել էին յուրօրինակ միջոցառում` մրցակցային բանավեճ` «Արդյո՞ք հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը հայապահպանության պարտադիր գործոն է» թեմայով, որի ընթացքում հայկական եռագույնի տարբեր գույները ներկայացնող ճակատները պետք է բանավիճելով հանգեին եզրակացության` հիմնավորելով այն: Բանավեճն, ինչ խոսք, ստացվեց և բարձր գնահատվեց ժյուրիի կողմից, ի դեպ, որի անդամ էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և, որը, երիտասարդներին ուղղված իր խոսքում, մասնավորապես ասաց. «Հարգելի հայրենակիցներ, Թույլ տվեք ողջունել բոլորիդ: Առանձնակի պատվով եմ ներկայացել և հպարտություն եմ ապրում, որովհետև նմանատիպ հավաքները մեր երիտասարդությունը տանում են դեպի առաջընթաց, դեպի առաջատար չափանիշների տիրապետում: Բազմիցս հնչող հարցին, թե արդյո՞ք մեր երիտասարդները կանեն այն ամենը, ինչ արել ենք մենք` ավագ սերունդը, ես առանց երկմտանքի պատասխանում եմ` այո. մենք առաջընթաց ենք ապրում, զարգանում և ավելի մեծ տեղ պետք է տալ երիտասարդներին, որոնք ավելի գրագետ, ավելի կրթված են լինելու: Նման հավաքները, համախմբելով և ոգևորելով աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին, մեկ նպատակ են հետապնդում` հայ ժողովրդի ողջ պատմության, ինչպես նաև մեր նորօրյա պատմության ընթացքում ձեռք բերվածը պահպանել և փոխանցել: Իսկ սրա հիմքում պետք է ընկած լինի մեր պետության ռազմավարական ներուժի 3-րդ բաղկացուցիչ մասը` ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Այս դահլիճում ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է: Երկու ամիս առաջ տոնում էինք մեր հաղթանակների ամիսը` մայիսը. պատմության ընթացքում ձեռք բերված մեր հաղթանակներն, աստծո կամոք, մայիսին են արտացոլվել. Ավարայր, Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, Հայրենական Մեծ Պատերազմ, Շուշի: Ավարայր` ճակատամարտ վասն հայրենյաց և հավատքի: Շուշի` պայքար դարձյալ վասն հայրենյաց, որին հայ քաջորդիները մասնակցում էին հավատքով և Արցախի հոգևոր թեմի առաջնորդի օրհնությամբ: Ապացուցեցինք, որ կարող ենք լինել, ապրել, արարել, ունենալ արժանապատիվ կեցվածք: Այս պայքարի կարևոր առանձնահատկություններից էր ողջ հայ ժողովրդի միասնությունը. Մայր Հայաստանի և Սփյուռքի հայերի միահամուռ ուժերով կարողացանք հաղթանակ տանել: Շնորհակալություն և հաջողություն եմ մաղթում բոլորիդ»: Ելույթից հետո հավաքի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Ս.Օհանյանին` հրավերքին արձագանքելու համար: Այնուհետև նախարարը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնցից առավել հիշարժաններն էին. - Ի՞նչ կետի է հասել բանակցային գործընթացը և արդյո՞ք Կոսովոն կարո՞ղ է նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: ՊՆ - Վերջին տասը տարիների բանակցային գործընթացի ընթացքում, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների` հատկապես վերջին հանդիպումներում նրանք կրկին պատրաստակամություն են հայտնել ստեղծված հիմքերի վրա շարունակել բանակցային գործընթացը: Ցավոք, այս տարիների ընթացքում հարցի լուծումն իր վերջնական կետին չի հասել, որովհետև բանակցային այս կամ այն փուլում ադրբեջանական ղեկավարության դիրքորոշումը ոչ կառուցողական է եղել: Մեր տեսակետներն հասկանալի են. ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշման իրավունք ունենա և միանա Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև պետք են ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովող երաշխիքներ: Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով կարծես թե լուծվել է. այժմ այդ հարցն իր վերջնակետը պետք է ստանա խաղաղ բանակցային գործընթացում: Իսկ Կոսովոյի` ԼՂ խնդրի կարգավորման հարցում նախադեպ հանդիսանալու առնչությամբ նշեմ, որ այդ տարածաշրջանում դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Իմ կարծիքով ԼՂ հարցի լուծման ճանապարհին բանակցային կողմ պետք է ներառվեն նաև ԼՂՀ իշխանությունները, քանի որ ի սկզբանե զինադադարի պայմանագրի կնքման գործընթացում որպես կողմ ներառվել է նաև ԼՂՀ-ն, քանզի Լեռնային Ղարաբաղում ծավալված գործողություններն են հակառակորդին ստիպել գնալ այդ քայլին: - Վերջերս հանդիպում տեղի ունեցավ Մերձդնեստրի, Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի ղեկավարների և Ռուսաստանյան որոշ պատգամավորների միջև: ԼՂՀ նախագահը ինչո՞ւ չէր մասնակցում: ՊՆ- Այդ հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի հետ առնչություն ունեցող պետությունները, այդ իսկ պատճառով ԼՂՀ նախագահը ներկա չէր: - Ի՞նչ տեղաշարժ կա Նախիջևանում գերի ընկած չորս հայ քաղաքացիների` հայրենիք վերադարձնելու հարցում: ՊՆ -– Նախիջևանում գերի ընկած չորս հայ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Որպես գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչների, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչների, ինչպես նաև վերջերս Բիշքեկում Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպումների ժամանակ ես հայտնել եմ իմ մտահոգությունը այդ հարցի առնչությամբ: Իմ մտահոգությունն եմ հայտնել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անջեյ Կասպրչիկին: Ասեմ, որ ի սկզբանե ադրբեջանական կողմը պատրաստակամություն հայտնեց նրանց վերադարձնել, սակայն հետո մտափոխվեցին: Հանդիպել եմ նաև վերոնշյալ չորս հայ քաղաքացիների ծնողների և հարազատների հետ, որոնց վստահեցրել եմ, որ ըստ ադրբեջանական կողմի` համապատասխան աշխատանքներ իրականացնելուց հետո նրանք կվերադարձվեն: Կարծում եմ, մեր քաղաքացիները առիթ չունեն անհանգստանալու. ի վերջո նրանք վերադարձվելու են: - Ինչպե՞ս եք գնահատում սպառազինության մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանն ունի արդյո՞ք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար: ՊՆ -– Բանակին անհրաժեշտ միջոցները, որքան էլ շատ լինեն, միևնույն է` քիչ են պաշտպանության կազմակերպման համար: Սակայն, ինչպես վերջերս նշեց ՀՀ Նախագահը, բանակը ֆինանսական միջոցների որևէ կարիք երբևէ չի ունենալու: Պետք է մեր հնարավորությունները լավագույնս օգտագործենք պաշտպանական խնդիրների լուծման համար: Դրանք, ինչ խոսք, տարբերվում են Ադ‎րբեջանի ֆինանսական հատկացումներից, սակայն հավաստիացնում եմ, որ մենք ոչնչով չենք զիջում. մենք նրանցից քիչ չենք ծախսում մեր բանակի համար: Իսկ բանակ-եկեղեցի կապի առնչությամբ Ս.Օհանյանն ասաց, որ այդ կապը կատարելագործվելու և սերտանալու միտում ունի և, որ բանակը համագործակցում է եկեղեցու հետ. ներկայումս բանակում գործում են հոգևոր ծառայողներ, որոնք իրականացնում են իրենց ծառայությունը բոլոր զորամասերում, այդ թվում նաև` առաջնային գծում. «Այսօր բանակում բոլոր միջոցառումներն ու հանդիսավոր արարողություններն անցկացվում են հոգևոր ծառայողների մասնակցությամբ: Կան զորամասեր, որտեղ գործում են նույնիսկ մատուռներ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իմ առաջին հանդիպումներից մեկն է եղել հանդիպումը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որի ընթացքում ստացել եմ Վեհափառի օրհնությունը` լավագույնս իրականացնելու համար ինձ առաջադրված բոլոր խնդիրներն ու առաջադրանքները»: Երիտասարդների հետ հարցուպատասխանից հետո «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Ս.Օհանյանին` հրավերքին արձագանքելու համար, որին ի պատասխան նախարարը շնորհակալություն հայտնեց հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` նշելով, որ մեր երիտասարդությունը, հասարակության և պետության կերտման ճանապարհին, ճիշտ է ուղղորդվում նման միջոցառումների շնորհիվ, որոնք ուղղված են նաև ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը, ինչը կարևոր է մեր երկրի համապատասխան ներուժի, ինչպես նաև գաղափարախոսական զարգացման համար: Նախարարն իր շնորհակալական խոսքը եզրափակեց մեծն Նժդեհի խոսքերով` «Հայրենիքս ես եմ, ընտանիքս, ազգս, մայրենիս և այն տարածքները, ուր կհասցնի ինձ իմ զենքի փառքը», նշելով նաև, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել գիտելիքներին, որոնք հիմք են կազմում ոչ միայն մասնագիտական պատրաստվածության, այլ նաև գաղափարականության. գիտելիքներն են, որ ձևավորում են համոզմունքներ և իրատեսական, նվիրական աշխատանք` ի շահ Հայրենիքի: Ինչքան շատ գիտես` այնքան կարող ես: Գիտելիքն է, որ տալիս է յուրաքանչյուրին արժանապատվություն, հարգանք` տեղ ստեղծելով հասարակության մեջ: Այնուհետև Ս.Օհանյանը երիտասարդ բազեականներին հիշարժան նվեր մատուցեց` արծիվ, որը մեր զինված ուժերի խորհրդանիշն է և որը նշանակում է ուժ, հզորություն, սլացք, կամք` պատգամելով վերջիններիս` տիրապետել այդ հատկանիշներին: Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը զրուցեց երիտասարդների հետ, լսեց նրանց խնդիրները, որից հետո պատասխանեց «Զինուժի» թղթակցի հնչեցրած հարցերին. Հարց - Պարոն նախարար, բավական լուրջ աշխատանքներ են իրականացվում հասարակության հետ համագործակցության շրջանակներում: Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում երիտասարդական կառույցների հետ համագործակցության ուղղությամբ: Ս.Օհանյան - Բանակ-հասարակություն կապի ամրապնդումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Հիմնականում համագործակցում ենք այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ձևավորվել են այս ազգային ազատագրական շարժման ընթացքում և հետո. մեր խնդիրն է նրանց աջակցել և վերջիններիս միջոցով էլ համապատասխան ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքներ իրականացնել հասարակության շրջանում: Աշխատանքներ ենք իրականացնում նաև երիտասարդական կազմակերպությունների հետ, քանի որ անչափ կարևոր է ձեռքբերումները երիտասարդներին փոխանցելը: Հարց - Բանակը ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է. երիտասարդ է և համալրված է երիտասարդներով: Բանակը մասնակցություն ունենո՞ւմ է երիտասարդական հավաքներին: Ս.Օհանյան – Իհարկե: «Բազե» հավաքին մասնակցում են նաև ՊՆ ռազմական ինստիտուտի կուրսանտները: Բացի այդ, բոլոր նմանատիպ միջոցառումներում էլ կան մասնակիցներ բանակից: Հարց – Ինչպե՞ս կգնահատեք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Ս.Օհանյան - Այսպիսի լայն մասշտաբով առաջին անգամ եմ մասնակցում, չնայած, առիթ ունեցել եմ մասնակցել նման միջոցառումների, որտեղ մարդիկ ձևավորվում են, կայանում: Եվ սա ողջունելի է, քանի որ այստեղ համախմբված են հայ երիտասարդներ աշխարհի տարբեր անկյուններից:
  • Поделиться