Ծառայողական բնակարանների հերթական բաշխում
18 Июля, 2008 00:00Զինծառայողների բնակարանային խնդիրները միշտ էլ եղել են ՀՀ Կառավարության և պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողական բնակարանների բաշխման և բնակշենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողական բնակարանների բաշխման և բնակշենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 62 շենքում բնակարանամուտ տոնող 40 զինծառայողների Սեյրան Օհանյանը հանձնեց բնակարանների ծառայողական վկայագրեր. պահը հուզիչ էր, իսկ բնակարանատեր դարձած զինծառայողների խոսքերն անկեղծ էին և սրտաբուխ` ասված կամ չասված յուրաքանչյուր խոսք լի էր երախտիքի զգացումով:
Հավաքվածներին շնորհավորական խոսք հղեց ՀՀ պաշտպանության նախարարը` մասնավորապես ասելով.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինծառայողներ
Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում` բնակարանամուտի կապակցությամբ:
Զինվորական ծառայությունն առանձնահատուկ է իր դժվարություններով և զրկանքներով, որոնք իրենց ուսերին կրում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրված մեր զինծառայողները: Այդ իսկ պատճառով զինծառայությունը հանդիսանում է գերակայող` մյուս գերատեսչությունների, ծառայությունների նկատմամբ: Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության խնդիրները մեր իշխանությունների, հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության առօրյա գերակա խնդիրներից են, ասել է թե զինծառայողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վերջիններս կարողանան պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները:
Լսելով ձեր հուզիչ ելույթները, թե ինչպիսի ուրախություն և հպարտություն եք ապրում, նույն զգացումներով էլ ես սեղմում էի յուրաքանչյուրիդ ձեռքը` շնորհավորելով բնակարանամուտը:
Այս տարի նախատեսվում է Երևանում և սահմանամերձ շրջաններում կառուցել և զինծառայողների շահագործմանը հանձնել շուրջ 450 բնակարան: Ի դեպ, բնակարանների բաշխման` ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան հանձնաժողովը սկզբունքային և արդարացի մոտեցում է ցուցաբերում այս գործընթացն իրականացնելու գործում:
Մշակվում է նաև հիպոթեքային վարկի հայեցակարգ` ինչպես հիմնական, այնպես էլ ծառայողական բնակարանների կառուցման համար: Գործընթացն անմիջապես հսկվում և իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից. կարճ ժամկետներում լուծվելու է նաև այդ խնդիրը:
Շնորհավորում եմ և ցանկանում անձնական, ընտանեկան երջանկություն: Թող այս բնակարանները լցվեն մանկան ճիչերով` ծնվեն արու զավակներ, որպեսզի մեր երկիր լինի ապահով, իսկ բանակը` հզոր` ինչը կապահովի հայ ժողովրդի հետագա զարգացումը, որն, ի դեպ, կախված է յուրաքանչյուր հայ ընտանիքի երջանկությունից»:
Այնուհետև Ս.Օհանյանը շրջայց կատարեց նորակառույց շենքում, ստուգեց կատարված աշխատանքները. նախարարը նկատեց, որ բնակարաններն հագեցված են բնակկենցաղային անհրաժեշտ պարագաներով, գազաֆիկացված են, ունեն նաև անհատական ջեռուցման համակարգ:
Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը հավաստիացրեց բոլորին, որ արվում է ամեն ինչ` զինծառայության պայմանները բարելավելու և սպայակազմի կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար: