Սեմինար ՊՆ Դ.Կանայանի անվան ԱՌՀ ինստիտուտում
29 Июля, 2008 00:00Ս.թ. հուլիսի 28-ից 29-ը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում անց է կացվում Պաշտպանության ռազմավարական վերանայման մեթոդաբանության հարցերով սեմինար, որի ընթացքում հայկական կողմին փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների փորձագետներից կազմված փորձագիտական խումբը:
Սեմինարին հայկական կողմից մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, արդարադատության և ֆինանսների նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի քարտուղարության, Կառավարության աշխատակազմի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:
Պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է որոշել Հայաստանի Հանրապետության ռազմական պաշտպանության իրականացման համար առկա և պահանջվող կարողությունները` պաշտպանական բարեփոխումների միջոցով դրանք անհրաժեշտ մակարդակի հասցնելու նպատակով, ինչպես նաև մշակել Պաշտպանության ռազմավարական վերանայման քարտեզ, որն ուղենիշ կհանդիսանա հետագա գործողությունների պլանավորման և դրանց իրականացման հստակ ժամանակացույցերի կազմման համար: Բացի ՀՀ զինված ուժերի ներկա կարողությունների գնահատումից և վերանայումից, Պաշտպանության ռազմավարական վերանայումը պետք է նաև նպաստի ներկա և ապագա ռազմաքաղաքական միջավայրի գնահատման գործին, դրանով հստակեցնելով առկա սպառնալիքները, ինչն իր հերթին հնարավորություն կստեղծի որոշել պաշտպանական բարեփոխումների իրականացման համար թույլատրելի ռիսկերը:
Ռազմավարական գնահատման գործընթացը կարևոր է նաև սպառնալիքներին դիմակայելու նպատակով ՀՀ զինված ուժերի կիրառման պլանների մշակման և ստորաբաժանումների համար պահանջվող մարտական պատրաստականության վիճակի որոշման տեսանկյունից:
Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները հիմք կհանդիսանան ռազմական կարիքների որոշման և զինված ուժերի օպտիմալ կառուցվածքների երկարաժամկետ պլանավորման համար` հաշվի առնելով տնտեսական, ռազմաքաղաքական, ժողովրդագրական և այլ գործոններ: