Ս.ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

12 Октября, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ալիանս» քաղաքացիական նախաձեռնության խմբի հրավերքով հանդիպեց Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ վերոնշյալ խմբի նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀ պետական գործիչների հետ հանդիպումների շարք: Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց խմբի ղեկավարը, որը նշեց, որ ըստ կատարված հարցումների և վիճակագրական տվյալների, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ամենադրական գնահատվող պետական գործիչների եռյակում է գտնվում: Ապա հրավիրվածներին ողջունեց Ս.Օհանյանը, որը շնորհակալություն հայտնեց հրավերքի համար և իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր գործչի համար, իր աշխատանքից զատ, 2-րդ կարևոր գործոնը հասարակական գործունեությունն է, այդպիսով իր աշխատանքը և գործունեությունը ներկայացնելով հասարակությանը և ապահովելով կապը վերջինիս հետ. «Հասարակությունն է, որ գնահատում է աշխատանքդ, վեր հանում բացթողումները և թերությունները, որոնք պետք է հնարավորինս քիչ լինեն` հատկապես բանակում: Նման հանդիպումների նպատակն է Բանակ-Հասարակություն կապի սերտացումը: Ինչքան սերտ լինի այդ կապը, այնքան լավ հիմքերի վրա կլինի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը ցանկացած պետության հաջողության բաղկացուցիչ մասն է: Մեր ազգային ազատագրական շարժումն ունի մի քանի կարևոր առանձնահատկություն. 1. Ժողովրդի և բանակի միասնությունը. միահամուռ ուժերով կարողացանք կռվել և հաղթանակել: 2. Միասնությունը սփյուռքի և մայր հայրենիքի ժողովուրդների: 3. Մեր հրամանատարների ռազմական տեսական գիտելիքներ մակարդակը. պատերազմին զուգահեռ ստեղծեցինք կանոնավոր, կարգապահ ստորաբաժանումներ: Պատերազմ, որն ընթացել է երեք փուլով. գրավված տարածքների ազատագրում, հետպատերազմական կորուստների վերականգնում և որակական առաջընթացի փուլ: Մեր բանակն այսօր առաջնորդվում է «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսով, ասել է թե` հասել ենք այնպիսի մակարդակի, երբ զինված ուժերում բարեփոխումներն այլևս անհրաժեշտ են, բարեփոխումներ, որոնց իրականացման համար, սակայն, պետք են նորովի մոտեցումներ, և որոնք ամփոփելու են ձեռք բերված արժեքները` ընդգծելով ուղենիշներ հետագա զարգացման համար: Մեր բանակն այսօր լիովին կատարում է իր առջև դրված խնդիրները: Մեծ որակական առաջընթաց ենք ապրել թե հետպատերազմյան վերականգնողական շրջանում, և թե հատկապես 2000թ.-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում: Ես միշտ լայն կապեր եմ ունեցել հասարակական կազմակերպությունների, նաև անհատների հետ: Կարևորում եմ նաև շփումը երիտասարդության հետ, ինչն օգնում է հոգով երիտասարդ մնալ և տեսնել, թե ինչ արժեքներ են այսօր գործում նրանց շրջանում: Հարց է առաջանում, արդյո±ք նրանք կկարողանան պաշտպանել մեր հայրենիքը այնպես, ինչպես իմ սերնդակիցները: Վստահաբար կարող եմ ասել, այո, և ավելին, որովհետև նրանք ավելի գրագետ, ավելի կիրթ և ավելի զարգացած են լինելու` պատրաստ ետ մղելու ցանկացած ագրեսիա: Գիտելիքի շուրջն են միայն ձևավորվում համոզմունքները: Ինձ համար նաև հպարտություն է ելույթ ունենալ երիտասարդների առջև, քանի որ մեր ժողովրդի ապագան ձեր ձեռքերում է»: Այնուհետև Ս.Օհանյանը ջերմ և մտերմիկ զրույցի բռնվեց երիտասարդների հետ` պատասխանելով վերջիններիս հուզող հարցերին: Զրույցի ընթացքում նախարարը մասնավորապես նշեց, որ բանակը, գաղտնիության ռեժիմի պահպանման շրջանակներում, բաց է լինելու մեր ժողովրդի համար, որ Արցախյան գոյապայքարի ընթացքում կատարված բոլոր սխրագործությունները պետք է փոխանցվեն մատաղ սերնդին, այնպես, ինչպես մեր հայրերի և պապերի սխրանքները Մեծ հայրենականի ժամանակ փոխանցվել են մեզ և որ մեր զոհված ազատամարտիկները, ընկերները մեզ ուղղակի զրկել են սխալվելու իրավունքից: Նախարարը նշեց նաև, որ հայկական բանակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սահմանապահ ծառայությանը հարիր ծառայություն է իրականացնում, որը կոչվում է մարտական հերթապահություն, իսկ ուժերի հավասարակշռությունը Ադրբեջանի հետ պահվում է որակական չափանիշների և գաղափարապես առավել պատրաստված լինելու շնորհիվ և այն եզակիներից ենք, որ հարաբերական խաղաղություն ենք պահպանում առանց 3-րդ ուժի և, ավելին` առաջին գծում մենք պարտադրողի դերում ենք: Խոսելով ԼՂ հակամարտության հարցի շուրջ, նախարարը փաստեց, որ «զինվորականները էստաֆետը հանձնել են քաղաքական գործիչներին և այժմ նրանց աշխատանքից է կախված խնդրի խաղաղ կարգավորումը»: Զրույցի ավարտին «Ալիանս» քաղաքացիական նախաձեռնության խումբը և երիտասարդները շնորհակալություն հայտնեցին Ս.Օհանյանին` հրավերքը չմերժելու և անկեղծ զրույցի համար, ինչին նախարարը պատասխանեց, որ «самая большая росскошь – это росскошь человеческих общении»: Երիտասարդները հավաստիացրեցին Ս.Օհանյանին, որ պատրաստ են միշտ կանգնել հայրենիքի պաշտպանությանը և Ս.Օհանյանին նվիրեցին խորհրդանշական նվեր` «Նապոլեոն» վերտառությամբ գիրք` զուգահեռներ անցկացնելով երկու զորավարների միջև: Ս.Օհանյանը, ի պատասխան, նրանց նվիրեց իր` «XXI - դարի բանակը» հեղինակային գիրքը` ընդգծելով, որ հաջողության են հասնում այն զորավարները, որոնք, բացի մասնագիտական հարուստ գիտելիքներից, առավել ժողովրդական են, առավել մոտ են կանգնած այն դիրքին, որտեղից սկսել են, կանգնած են այն մարդկանց կողքին, որոնց շնորհիվ հաջողության են հասել, ասել է, թե` զինվորի:
  • Поделиться