Ս.Օհանյանն ընդունեց Մ.Բրայզային
17 Ноября, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդը և այլոք:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Մարի Յովանովիչը:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց Մ.Բրայզային` ԼՂ հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակներ գտնելու ուղղությամբ իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ ներդրած ջանքերի համար:
Այնուհետև Ս.Օհանյանը հյուրերին տեղեկացրեց, որ ՀՀ զինված ուժերում ընթացող պաշտպանական բարեփոխումների գործընթացում առաջնահերթություններն են առկա ռազմական կարողությունների պահպանումն ու արդիականացումը, պաշտպանության ռազմավարական վերանայումը, ռազմական կրթությունը, ներդրվող քաղաքացիական հատուկ ծառայողների համար համապատասխան դասընթացների կազմակերպումը, խաղաղարար գործողությունների ժամանակ այլ երկրների ստորաբաժանումների հետ փոխգործունակության ապահովումը:
Նախարարը փաստեց, որ համագործակցություն է իրականացվում նաև այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է պաշտպանության ռազմավարական վերանայումը, և, որ մեկնարկել է արդեն վերջինիս իրականացման ծրագրի առաջին փուլը. «Մեր նպատակն անվտանգության միջավայրի վերլուծության և սպառնալիքների գնահատման հիման վրա պաշտպանության ոլորտի հեռանկարային զարգացման ապահովումն է. պետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որպեսզի Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, զինված ուժերի պաշտպանական կարողությունները համահունչ լինեն Հայաստանի առկա կամ հնարավոր մարտահրավերներին»,- եզրափակեց նախարարը: