Ս.Օհանյանն ընդունեց աշխարհահռչակ դուդուկահարին
24 Ноября, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց հայազգի աշխարհահռչակ դուդուկահար, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ջիվան Գասպարյանին:
Նախարարը նախ շնորհավորեց մեծանուն վարպետին` ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ` ցանկանալով նրան երկարակեցություն, անսպառ եռանդ, ստեղծագործական հաջողություններ և նվիրական իղձերի իրականացում:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը նշեց, որ անուրանալի է Ջիվան Գասպարյանի վիթխարի ներդրումը միջազգային ասպարեզում հայկական երգարվեստի ճանաչման գործում. նրա շնորհիվ Հայաստանն աշխարհին ներկայանում է դուդուկի միջոցով, որն հնչում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերից և ամենահայտնի ֆիլմերում` հուզելով մարդկանց սրտերը` ճշմարիտ վայելք պատճառելով նրանց:
«Հայկական ժողովրդական գործիքներից անտեղյակ աշխարհը մի օր զարմանքով տեսավ, թե ինչպես է փայտե հասարակ մի գործիք այդքան հեշտությամբ գրավում մարդկանց հոգիները` ստեղծելով հոգեպարար տրամադրություն: Եվ այս առումով տասնամյակներ տևած Ձեր ազգանվեր աշխատանքի կարևորությունը դժվար է գերագնահատել, քանզի մշակույթը հայ ազգի համար միշտ ունեցել է կենսական նշանակություն` աշխարհին ներկայանալով մեր տաղանդավոր զավակների միջոցով»-ասվում է պաշտպանության նախարարի ուղերձում:
Այնուհետև Ս.Օհանյանը Ջ.Գասպարյանին նվիրեց խորհրդանշական սուր` մաղթելով, որ սուրն ու դուդուկը միշտ անբաժան լինեն իրարից:
Հանդիպման ավարտին հանրաճանաչ Վարպետը շնորհակալություն հայտնեց նախարարին` ջերմ ընդունելության համար` նրան նվիրելով համաշխարհային տարածում գտած իր ձայնասկավառակը` իր հերթին նշելով, որ հանդիպում է ամենաինտելիգենտ կեցվածքով գեներալին` որին երբևէ ճանաչել է: