Ընթացիկ տարվա վերջին կոլեգիայի նիստն ընդմիջվեց հայ շախմատիստների մեծարումով
9 Декабря, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 9-ին անցկացվեց ընթացիկ տարվա` 2008թ. վերջին կոլեգիայի նիստը ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիրում, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ զինված ուժերում կադրերի ընտրությանը, ուսուցմանը, տեղաբաշխմանն ու կատարելագործմանը, իրականացվող բարեփոխումների ընթացքին, ազգային բանակի` որակյալ կադրերով համալրմանն առնչվող տարաբնույթ հարցեր:
Կոլեգիայի նիստին քննարկվող հարցերի շուրջ նախ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն իր խոսքում նշեց, որ սա կոլեգիայի` այս տարվա վերջին նիստն է, որն իրականացվում է զինված ուժերի` 2008թ. ուսումնական պլանի համաձայն և վերաբերում է ՀՀ զինված ուժերում ճիշտ կադրային քաղաքականության վարմանը:
Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ միայն գրագետ, բանիմաց, համապատասխան աշխարհայացքների և գաղափարախոսության տեր սպաները կարող են խթանել զինված ուժերի բարգավաճումը` հավելելով, որ ստեղծված տարածաշրջանային իրադրությունում բանակի դերն օրըստօրե բարձրանում է:
Այնուհետև ծավալուն զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, գնդապետ Մ.Իսախանյանը, որը մանրամասը ներկայացրեց ՀՀ զինված ուժերում տարվող կադրային քաղաքականության, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտի տարաբնույթ խնդիրները, դրանց լուծման ուղիները` փաստելով, որ զինված ուժերի մարտունակության ապահովման հիմնական գործոնը համարվում է համապատասխան գիտելիքներով և անհրաժեշտ մասնագիտական հմտություններով օժտված սպայական կազմը, որի հավաքագրումը, ուսուցումը, ինչպես նաև բաշխումը և հետագա առաջխաղացման կառավարումը հանդիսանում է կադրերի և ռազմական կրթության վարչության հիմնական խնդիրը: Ապա Մ.Իսախանյանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ զինված ուժերի` սպայական կադրերով համալրվածության ամբողջական պատկերը և վերլուծական ցուցանիշները` ըստ տարիների:
Այնուհետև զեկույցներով հանդես եկան ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մ.Կարապետյանը, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ա.Ղահրամանյանը, բանակային կորպուսի հրամանատարները, որոնք իրենց ելույթներում կարևորեցին ՀՀ զինված ուժերը մասնագիտական բարձր գիտելիքներ ունեցող սպաներով համալրելը:
Հարկ է նշել, որ նիստն ընդմիջվեց հայ շախմատիստների հանդիսավոր մուտքով, որոնք պաշտպանության նախարարություն էին հրավիրվել Ս.Օհանյանի հրավերքով և որոնց դահլիճում գտնվող սպայակազմը դիմավորեց հոտնկայս ծափողջույններով:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զինված ուժերի ողջ անձնակազմի անունից շնորհավորեց չեմպիոններին` նշելով, որ այս սպորտ-արվեստը պետք է տարածում գտնի նաև բանակում: «Վերջերս հայկական սպորտում մեծ հաջողություններ ենք գրանցում. այս վերջին հաղթանակը Դրեզդենում` ամենաոգևորիչն էր: Սա այնպիսի խաղ է, որի ընթացքում տեղի է ունենում մտքի, ջանքերի կենտրոնացում, բարդ հաշվարկ: Եվ հատկանշական է, որ այն բնույթով մոտ է բանակին, քանի որ շախմատային խաղադաշտի բոլոր ֆիգուրները` զինվորից մինչև արքա` հրամանատար, առկա են բանակում»-ասաց նախարարը:
Ապա Ս.Օհանյանը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով արտակարգ պայմաններ են ստեղծվել հայ շախմատիստների համար, ինչը և ցույց տվեց իր անձնական օրինակով` մեկնեց և տեղում ոգևորեց նրանց: «Ես մի առիթով նշել եմ, որ մեր առաջին գիծը տեղափոխվել էր արտերկիր` որտեղ և հաղթեցինք: Խրախուսենք և մեծարենք նրանց:»-հավելեց նախարարը:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շախմատի համաշխարհային օլիմպիադայում ձեռք բերած փայլուն հաղթանակի, հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար խրախուսելու նպատակով Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը պարգևատրվեցին «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով: «Ինչո±ւ Գարեգին Նժդեհ, որովհետև Նժդեհը հայ ռազմական մտքի գլխավերևում է կանգնած»- պարզաբանեց նախարարը:
Շախմատիստների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունից հետո նիստը շարունակեց իր աշխատանքները: Ելույթ ունեցան ՀՀ ՊՆ սպայական բարձրագույն հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ս.Միրզոյանը, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Ս.Սեդրակյանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս.Հարությունյանը, որոնք իրենց ելույթներում առաջարկեցին ստեղծել զորամասի հրամանատարի` սոցիալ-իրավական գծով սպա-օգնականի ինստիտուտը, որը կզբաղվի զորամասում առաջացող սոցիալական, իրավական հարցերովակն:
Նիստի ավարտին ելույթով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, որը խորհուրդ տվեց հրամանատարներին` ենթակա սպաներին վերաբերվել որպես հարազատ որդիների և առաջարկեց երկար տարիներ միևնույն զորամասում ծառայող սպաներին տեղափոխել ծառայության այլ վայրեր:
Այնուհետև Կոլեգիայի անդամները ցուցումներ և խորհուրդներ տվեցին զեկուցողներին, ինչպես նաև զգոնության կոչ արեցին:
Քննարկվող հարցերի շուրջ ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ բավարար աշխատանք ԶՈւ կադրային քաղաքականության մեջ տարվում է, ինչը, սակայն, դեռ շատ քիչ է: Ապա հանձնարարեց.
1.Լուրջ ուշադրություն դարձնել ՌՈՒՀ-երում սովորել ցանկացող թեկնածուների մակարդակի և գիտելիքների վրա:
2. Զորամասերում օգնել նորաթուխ սպաներին` ոտքի կանգնեցնել` «քայլել սովորեցնել»:
3. Թեկնածուներ ընտրել նաև քաղաքացիական բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներից` սովորեցնել, դարձնել սպա:
4. Վերապատրաստման ուղարկել միայն ունակ, աճելու միտում ունեցող սպաներին:
5. Կազմել սպայի հեղինակության բարելավման ծրագիր:
Ս.Օհանյանը սպայակազմին ներկայացրեց նաև իր կողմից ԶՈւ անձնակազմի համար գրված Ուղերձը, որով կուղղորդվեն սպաները` ծառայության ընթացքում, և մեջբերեց դեռևս Ավարայրի ճակատամարտի ժամանակներում պատմիչ Եղիշեի` Ուղերձում ներառված հանրաճանաչ խոսքերը. «Երբ զինվորների շարքերն են ներխուժում եսասիրությունը, թողտվությունը, ապա այդ զորքը դատապարտված է պառակտման»: Ինչպես նաև սպայակազմին ներկայացրեց սպայի աշխատանքային տետրը` կազմված իր իսկ աշխատանքային տետրի օրինակով, որը կօգնի սպային առավել արդյունավետ տանել աշխատանքները:
«Զերծ մնալ քաղաքականությունից, առավելագույն լրջությամբ վերաբերվել ծառայությանը» - նիստը եզրափակեց նախարարը: