Ս.Օհանյանն ընդունեց Ալի Բաղերի գլխավորած պատվիրակությանը
23 Декабря, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ազգային բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայիանի:
Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց հյուրերին հույս հայտնելով, որ երկուստեք անկեղծ քննարկումները մեկ անգամ ևս կհաստատեն Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և երկկողմ համագործակցության խնդիրներում:
Հանդիպման ընթացքում նախարարը նաև նշեց, որ երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու առկա հաջողությունները, դարավոր բարեկամությունն ու պատմամշակութային ընդհանրությունները բավարար հիմք են գործնական կապերի խորացման, զարգացման վերընթաց ուղին ապագայում ևս շարունակելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: Անդրադառնալով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցին, կողմերը փաստեցին նաև, որ Իրանի որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը կարևոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իսկ առկա բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն Հայաստանի և Իրանի շահերից, այլև նպաստավոր է ողջ տարածաշրջանի համար: