Հարգանքի տուրք Հաղթանակ զբոսայգում
15 Февраля, 2009 00:00Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ և ԱՊՀ զինված ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և «Աֆղանստանից Խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի» կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Աֆղանական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Արարողությանը ներկա էին նաև աֆղանական 10-ամյա պատերազմի հայ և այլազգի վետերաններ, պատերազմում զոհվածների հարազատներ, պաշտոնատար անձիք:
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` աֆղանական պատերազմի վետերաններին ուղղված ուղերձի ընթերցմամբ, որում մասնավորապես ասված է.
«Աֆղանական պատերազմի հարգելի´ վետերաններ,
1989 թվականի փետրվարի 15-ին Խորհրդային Միությունը դուրս բերեց իր զորքերը Աֆղանստանից: Անցած 20 տարիների հեռավորությունից վերաիմաստավորելով այդ իրադարձության պատմական նշանակությունը` կարող ենք փաստել, որ աֆղանական պատերազմի տարիները ոչ միայն բազում փորձությունների, անդառնալի կորուստների, մարդկային տառապանքների, այլև երդմանը հավատարիմ լինելու, մարտական սխրանքների և անձնազոհության տարիներ էին:
Աֆղանստանում իրենց պարտքը կատարեցին շուրջ 4000 հայորդիներ, որոնցից 1200-ը ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեց ԽՍՀՄ մեդալներով ու շքանշաններով, իսկ մեր 95 հայրենակիցները չվերադարձան տուն: Աֆղանստան էին մեկնել նաև պատերազմի ծանր հետևանքները վերացնող շինարարներ, բժիշկներ ու այլ քաղաքացիական մասնագետներ:
Մեր նորօրյա ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից աֆղանական պատերազմի մասնակից հարյուրավոր քաջորդիներ հայրենիքի կանչով և հոգու թելադրանքով կրկին զենք վերցրին` այս անգամ արդեն հանուն հայրենի հողի ու ժողովրդի պաշտպանության: Նրանցից 187-ը զոհվեց մեզ պարտադրված գոյամարտում:
Աֆղանական պատերազմի վետերանները իրենց ողջ կյանքում պատվով են կրում Հայրենիքի զինվորի բարձր կոչումը: Շատերը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալներ և սպաներ են, ովքեր այսօր էլ իրենց հարուստ փորձով նպաստում են մեր բանակի մարտունակության բարձրացմանը:
Հարգելի´ վետերաններ, մենք գնահատում ենք ձեր վաստակը, մաղթում առողջություն ու հաջողություններ ծառայության մեջ և անձնական կյանքում:
Ս.Սարգսյան»:
Ապա շնորհավորական խոսքով հանդես եկավ աֆղանական պատերազմի վետերան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը` իր խոսքում նշելով տասնամյա պատերազմի կարևորության մասին. «Ակնհայտ է, որ երեք տասնամյակ առաջ Խորհրդային Միությունը առաջինն էր, որ բախվեց համաշխարհային այնպիսի խնդրի, ինչն այսօր կոչվում է համաշխարհային ահաբեկչություն, և որի առջև այժմ կանգնած է ողջ մարդկությունը: Տասը տարի տևած պատերազմի ընթացքում 40-րդ սովետական բանակն Աֆղանստանում պայքարում էր ոչ միայն աֆղան մոջահեդների դեմ, այլև ոչնչացնում էր թմրանյութերով, զենք-զինամթերքով բեռնված քարավանները, հսկում էր նավթամուղերը, ճանապարհները` իր կողմը շեղելով թշնամի ուժերի հարվածները:
Մի առիթով վերջերս համացանցում կարդացի Աֆղանստանում գտնվող մի թղթակցի հարցազրույցը աֆղանցու հետ, որի ժամանակ վերջինս ասել է. 1989-ին խորհրդային զորքերը Աֆղանստանից դուրս բերելու առթիվ ես այն ժամանակ զոհաբերեցի 10 ոչխար: Այժմ կզոհաբերեմ 20 ոչխար, որպեսզի նրանք վերադառնան:
Ահա թե որքան է աճել խորհրդային բանակի հեղինակությունը վերջին քսան տարում:
Սիրելի վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ տասնամյա պատերազմի քսանամյա ավարտի կապակցությամբ: Քսան տարին պատմության համար մեկ ակնթարթ է, բայց այն թույլ է տալիս շատ բան իմաստավորել. քսանամյա զինվորները դարձել են հասուն տղամարդիկ, իսկ քառասնամյա տղամարդիկ` խելաշնորհ մարդիկ: Հնարավոր չէ մոռանալ հենակետերը և լեռնային ռազմերթերը, գիշերային կռիվները և լարված դարանի լռությունը, դուշմանի արյունոտ աչքերը և գնդակի սուլոցը, շիկացած բետոնը և թշնամու համալրվող հոսքերը:
Երբեք չենք մոռանա նաև մեր զոհված մարտական ընկերներին, չենք դավաճանի վետերանական ընկերության մեր սկզբունքներին:
Մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրը, կատարեցինք մեր պարտքը:
Հավերժ փառք նրանց, ովքեր կենդանի չվերադարձան Հայրենիք»:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, պահեստազորի գնդապետ Արմեն Մխիթարյանը` իր խոսքում նշելով.
«Տասը տարի տևած այդ արյունալի պատերազմը անջնելի հետք թողեց բոլորիս սրտերում` առնչվելով ոչ միայն այդ պատերազմի մասնակիցներին, այլև նրանց ընտանիքներին, Խորհրդային Միության ողջ ժողովրդին:
Շուրջ 600 հազար մարդ մասնակցեց այդ պատերազմին, որից 15 հազարը տուն չվերադարձավ. կասնյակ հազարավոր մարտիկներ հաշմանդամ դարձան, հազարավոր ընտանիքներ ուղղակիորեն զգացին պատերազմի կործանարար հետևանքները:
Այսօր` քսանամյա հեռավորությունից հետադարձ հայացք գցելով կատարվածին, վստահաբար կարող ենք փաստել, որ մեր մարտիկներն Աֆղանստանում ցուցաբերեցին աննկուն կամք ու ոգի: Անմասն չմնաց նաև Հայաստանը. աֆղանական պատերազմին մասնկացած շուրջ 4000 հայորդիներից 86-ը տուն չվերադարձան: Այդ նույն մարտիկներն անմասն չմնացին նաև արցախյան գոյապայքարում. ազատամարտին մասնակցած մարտիկներից 160-ը զոհվեցին մարտի դաշտում, իսկ շատերն այսօր էլ կանգնած են բանակաշինության ակունքներում` շարունակելով իրենց անձնվեր ծառայությունը Հայրենիքին:
Այո, անկոտրուն է հայ մարտիկի կամքն ու ոգին և այս նորակառույց խորհրդանշական հուշարձանը մարմնավորում է այդ մարտիկների գործած սխրանքները. այն հավերժ կծառայի որպես յուրօրինակ հավաքատեղի` աֆղանական պատերազմի մասնակիցների և այդ պատերազմում զոհվածների ընտանիքների, հարազատների համար: Հետևապես փետրվարի 15-ը ոչ միայն զոհվածների հիշատակի օր է, այլև օր, երբ հնարավորություն ունենք ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղելու նրանց, ովքեր ազնվորեն և խիզախորեն կատարեցին իրենց զինվորական ու քաղաքացիական պարտքը, նաև նրանց` ովքեր քաջաբար ընկան մարտում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որպեսզի պատերազմի պատճառած վիշտն այլևս չթակի մեր դռները, և որ ապրենք խաղաղ ու ստեղծարար կյանքով` ի փառս մեր Հայրենիքի»:
Այնուհետև ելույթներին հաջորդեց աֆղանական պատերազմի մասնակիցների` ՀՀ պետական և գերատեսչական պարգևներով պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Ռ.Աուշևի հրամանով ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի այլ ներկայացուցիչներ պարգևատրվեցին «Աֆղանական պատերազմի մասնակից» մեդալով:
Միջոցառման ավարտին եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` իր խոսքում մասնավորապես ասելով.
«Հարգելի հյուրեր,
Աֆղանական պատերազմի վետերաններ,
Պարոնայք գեներալներ և սպաներ,
Յուրաքանչյուր սերունդ իր ճակատագիրն ու պատմական առաքելությունն ունի, Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու պատասխանատվության բաժինը:
Այստեղ հավաքվածների մեծ մասը ծնվել և հասակ է առել խորհրդային համակարգում, կրթվել ու դաստիարակվել է այլ գաղափարախոսությամբ: Սակայն դարերի փորձությանը դիմացած ճշմարտությունն այն է, որ բոլոր ժամանակներում և հասարակարգերում Հայրենիքի զինվորի հավատամքը մեկն է` հավատարիմ մնալ զինվորական երդմանը և պետությանը: Խորհրդային ժամանակաշրջանում մեր նախորդ սերունդներին վիճակվել է մասնակցել երկու` Հայրենական Մեծ և Աֆղանական պատերազմներին. երկու դեպքում էլ հայ ժողովրդի զավակները հավատարիմ են մնացել նախնյաց զինական պատգամին:
Այսօր Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-րդ տարեդարձն է: Մեկ տասնամյակ տևած այդ պատերազմին, ի թիվս Խորհրդային Միության մյուս ժողովուրդների, մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակները, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց զինվորական պարտքը: Նրանցից շատերը պատերազմից վերադարձան մարտական մեդալներով ու շքանշաններով: Ցավոք սրտի, շուրջ 100 հայ ընտանիքների զավակներ զինվորական պարտքը կատարելիս զոհվեցին: Պատերազմի տարիներին քիչ չի եղել նաև արարչական առաքելությամբ Աֆղանստան մեկնած հայ մասնագետների թիվը: Եվ որտեղ էլ նրանք ծառայել ու աշխատել են, աչքի են ընկել մեր ազգային դիմագծին հատուկ մարդկային առաքինություններով` քաջությամբ, բարեխղճությամբ, հավատարմությամբ, կարիքի մեջ գտնվողին սատարելու պատրաստակամությամբ:
Աֆղանական պատերազմի մասնակից հայորդիների հայրենասիրական ոգին, մարտական փորձը և ռազմական հմտությունները նոր դրսևորում գտան մեր նորօրյա ազատագրական պայքարի տարիներին: ՀՀ սահմանների պաշտպանության գործին, արցախահայության արդար պայքարին առանց երկմտելու զինվորագրվեցին նաև աֆղանական պատերազմի մասնակիցները: Աֆղանստանի դժվարին պատերազմում ձեռք բերած նրանց մարտական փորձն ու խիզախությունն ափոխարինելի էին արցախյան ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի ժամանակ. արցախյան ազատամարտի ամենադժվարին օրերին կազմավորվեց «Աֆղանցիներ» ջոկատը, շատ-շատերն այլ ջոկատների կազմում մարտնչեցին պատերազմի ամենաթեժ կետերում` ցուցաբերելով խիզախության և անձնազոհության օրինակներ: Ավաղ, նրանցից շատերը կյանքի և արյան գնով հաստատեցին հայրենիքի հավերժ հավատարիմ զինվորը լինելու իրավունքը: Այսօր էլ երկու պատերազմների շատ մասնակիցներ թե զինվորական, և թե քաղաքացիական գործունեությամբ շարունակում են իրենց փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել հայոց նորաստեղծ պետականության ամրապնդման, բանակի հզորացման գործին:
Ուրախալի է նաև այն, որ զինվորական նոր սերունդը պատվախնդրորեն շարունակում է կրել հայրենյաց զինվորի կոչումը, վետերանների փորձով և օրինակով կերտում է մեր ներկա պատմությունը, ամուր կանգնած է նորաստեղծ հայոց պետականության սահմանների պաշտպանության դիրքերում:
Պետությունն ու հասարակությունն արժանիորեն են գնահատում աֆղանակն պատերազմի վետերանների ավանդը: Եվ պատահական չէ, որ այս օրերին պետական մակարդակով ենք նշում Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակը, որի շրջանակներում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները հարգանքի և մեծարանքի տուրք են այդ պատերազմի վետերաններին, մարտի դաշտում ընկածների հիշատակին: Ինչ խոսք, այդ վաստակի գնահատականն են նաև պետական և գերատեսչական այն պարգևները, որոնք հանձնվեցին վետերաններին:
Թույլ տվեք ՀՀ կառավարության, զինված ուժերի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորել աֆղանական պատերազմի բոլոր մասնակիցներին, պարգևատրվածներին, մաղթել Ձեզ քաջառողջություն, եռանդ և հետագա բեղմնավոր գործունեություն` ի շահ մեր հայրենիքի և նորանկախ պետականության:
Հավերժ փառք մարտի դաշտում զոհվածներին:
Թող որ բոլոր ժամանակներում սերունդների երախտագիտությունը և սերն ուղեկցի Հայրենիքի Զինվորին»: