Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք
6 Марта, 2009 00:00Ս.թ. մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորեց ՊՆ համակարգի կին զինծառայողներին` մարտի 8-ի կապակցությամբ:
Նախարարը նախ ողջունեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ապա, վերջիններիս ուղղված շնորհավորական իր խոսքում մասնավորապես ասաց.
«Սիրելի կանայք,
Այս օրերին ընդունված է ասել, որ սկսում է կանանց մեկամսյակը: Այս պարագայում կարելի ասել նաև հակառակը` ավարտվում է կանանց տասնմեկամսյակը. ասել է թե ամբողջ տարին է կանանց տոնը, քանզի տղամարդիկ միշտ սիրով և հարգանքով են մոտենում կանանց:
Մարտի 8-ը տոն է, որ նշվում է միջազգայնորեն` իր հետ բերելով միայն համապատասխան դրական լիցքեր, խինդ, գարնանային թարմություն և ժպիտ:
Այս օրը նաև հնարավորություն է տալիս տղամարդկանց իրենց սերն ու հարգանքն արտահայտել առ կինը և ես պարտքս եմ համարում այսօր երախտագիտությունս հայտնել համակարգում աշխատող կանանց, որոնք տղամարդկանց հետ հավասար ծառայություն են իրականացնում` կիսելով բոլոր ծանրություններն ու դժվարությունները:
Հարկ է նշել, որ մեր ողջ պատմության ընթացքում կանայք տղամարդկանց կողքին կանգնած կերտել են մեր պատմությունը, ինչը և ապացուցվել է մեր նորօրյա պատմության ընթացքում: Նրանք ոչ միայն ոգևորել և տաք շունչ են հաղորդել կռվի ելած մեր տղամարդկանց, այլև զենքը ձեռքին հավասար կռվել են: Փառք ու պատիվ բոլոր այն կանանց ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեր ժողովրդի խաղաղ արարման:
Այսօր էլ կանայք շարունակում են իրենց ներդրումն ունենալ մեր պետականության կերտման գործում և, տարբեր գերատեսչություններում ու ոլորտներում, նաև ղեկավար պաշտոններում, իրենց սկզբունքայնությամբ և պարտաճանաչությամբ տղամարդկանց հետ հավասար կերտում են մեր նորօրյա պատմությունը:
Այդպես է նաև պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում, որտեղ դուք յուրօրինակ զսպվածություն եք հաղորդում տղամարդկանց` նպաստելով նրանց կողմից խնդիրների` առավել բարեխիղճ կատարմանը:
Շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում առողջություն և ընտանեկան երջանկություն: Առավել հոգատարությամբ մոտեցեք ընտանիքներին, քանզի ընտանիքը հասարակության բջիջն է:
Հարկ եմ համարում նաև այս պահին ընթերցել աշխարհի իմաստունների` կանանց մասին գրված խոսքերից մի քանիսը և նվիրել դրանք ձեզ.
Տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ:
Կին. դա մեծ խոսք է. նրանում օրիորդի անաղարտությունն է, ընկերուհու ինքնազոհությունը, նրանում մոր սխրագործությունն է:
Կանայք մեղմացնում են մեր ջղագրգիռ վիճակը, մեր բարձր անհատապաշտությունը, նրանք մեզ վերադարձնում են մարդկային ցեղի գիրկը:
Ինչեր ասես, որ չեն ասել մեր իմաստունները կնոջ մասին, իսկ նախկին հասարակարգում նույնիսկ այսպիսին` «Հարկավոր է հասկանալ ու հիշել, որ առանց կանանց անհնար է նույնիսկ սոցիալիզմի իրականացումը»:
Այնպես որ, առանց ձեզ չկա կյանքի զարգացում:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք»:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համակարգի` թվով 319 կին զինծառայողների պարգևատրեց դրամական պարգևներով և գերատեսչական մեդալներով: