Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն

28 Апреля, 2009 00:00
Ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա վիճակը` այն որակելով որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրատարր: Պարոն Ս.Օհանյանն ընդգծեց, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի հաստատումը լավ հնարավորություններ կստեղծի այդ հարաբերություններն առաջիկայում էլ ավելի զարգացնելու համար: Ի պատասխան պարոն Բիզոնիերոն կարևորեց Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, հատկապես ռազմական ոլորտում: Նա հատկանշեց, որ Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում ՆԱՏՕ-ն առաջնահերթ նշանակություն է տալիս ռազմական փոխգործունակությանը, խաղաղապահ բրիգադի կազմավորմանը, ռազմակրթական համակարգի արդիականացմանը, պլանավորման երկարաժամկետ կարողությունների և հմտությունների զարգացմանը: Խոսելով համագործակցության ոլորտների մասին, ՀՀ պաշտպանության նախարարը դրական գնահատեց ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերված փորձագիտական օժանդակությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման, մասնավորապես` պաշտպանության ռազմավարական վերանայման, ՙՀՀ ՊՆ հանրային իրազեկման հայեցակարգի՚ մշակման, ԶՈՒ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման և այլ ոլորտներում: Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ այսուհետ ևս Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կընթանա շարունակական զարգացման հունով:
  • Поделиться