Հաղթանակների մայիս

9 Мая, 2009 00:00
Այսօր մայիսի 9-ն է՝ հաղթանակի և խաղաղության օրը: Տոն, որ թե մեզ, թե նախկին Խորհրդային Միության ժողովուրդներին ուղեկցում է արդեն 64 տարի: Տոն, որ ծնունդ առավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից: Այդ հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր մարդկանց հերոսությամբ ու սխրանքով, զրկանքներով ու արյամբ: Նրանց շարքերում էին նաև հայ ռազմիկները, որոնցից շատերը փառքով պսակեցին իրենց անունները: Լրացավ նաև Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը: 17 տարի առաջ հայ ազատամարտիկների իրականացրած փայլուն գործողությունների արդյունքում ազատագրվեց անառիկ համարվող այդ բերդաքաղաքը, ինչը բեկումնային նշանակություն ունեցավ արցախյան ազատամարտում: Կրկնակի տոնի կապակցությամբ մենք շնորհավորում ենք բոլոր վետերաններին, մաղթում քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում՝ միաժամանակ գլուխ խոնարհելով թե Հայրենական մեծ պատերազմում, թե արցախյան ազատամարտում ընկած հերոսների հիշատակի առջև:

Մայիսի 9-ի առավոտյան Զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այցելեց Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ զորավարի շիրիմներին: Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, արցախյան հերոսամարտում նահատակված ազատամարտիկների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև հերոսամարտի վետերանները, զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հարազատները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ամեն տարի այս օրը մարդաշատ է նաև մայրաքաղաքի Հաղթանակ զբոսայգին: Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակի 64-րդ տարեդարձի առթիվ զբոսայգի էին այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու զինվորականներ, պատերազմի վետերաններ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ և ուրիշներ: Ծաղիկներով ու ծաղկեպսակներով զարդարվեց անհայտ զինվորի հուշակոթողը: Երկրի բարձրաստիճան ղեկավարությունը շրջեց «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացավ արցախյան հերոսամարտի և մեծ հայրենականի մասին պատմող ցուցանմուշներին:
  • Поделиться