Տարածաշրջանային անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողով
14 Мая, 2009 00:00ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Լիոնի անվտանգային միջավայրի և պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 14-ին «Կոնգրես» հյուրանոցում իր աշխատանքները սկսեց «Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի վերագնահատում. Տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» միջազգային կոնֆերանսը:
Այն նվիրված է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև զինադադարի կնքման 15 ամյակին: Կոնֆերանսում բացման խոսքով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը:
Այն նվիրված է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև զինադադարի կնքման 15 ամյակին: Կոնֆերանսում բացման խոսքով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը:
Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց.
Հարգելի տիկնայք և պարոնայք: Պատիվ ունեմ ձեզ ողջունելու Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Երևանում: Անկախության ձեռք բերումից ի վեր անցած տասնութ տարիների ընթացքում Հայաստանը ձեռնամուխ է եղել կենսագործունեության բոլոր ոլորտներում համընդգրկուն բարեփոխումների իրականացմանը` նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից գլոբալացվող աշխարհին լիարժեք ինտեգրված ժողովրդավարական քաղաքական համակարգ և մրցակցային տնտեսություն ունեցող պետություն: Ինչպես ցանկացած այլ պետության, այնպես էլ Հայաստանի համար կարևոր առաջնահերթություններից մեկը տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցությունն է: Վերջին շրջանում երևան են եկել մի շարք նոր նախաձեռնություններ, որոնք միտված են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը: Տարածաշրջանում կայունության հաստատման և վստահության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից էական նշանակություն ունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ անցյալ տարի մեկնարկած հայ-թուրքական բարձր մակարդակի բանակցությունները: Հայաստանը միշտ կողմ է արտահայտվել առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և այժմ էլ հավատարիմ է այդ դիրքորոշմանը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար կարևոր է 2008 թ. նոյեմբերին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրված Մայնդորֆյան եռակողմ հռչակագրի նշանակությունը, որը ևս մեկ անգամ փաստում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնություններից են նաև մեկ շաբաթ առաջ պաշտոնապես մեկնարկած Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագիրը, որն ընդգրկում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունները, 2009 թ. փետրվարին ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծումը և Թուրքիայի կողմից առաջ քաշված Հարավային Կովկասում անվտանգության և համագործակցության հարթակի ձևավորման առաջարկը: Հավատարիմ մնալով տարածաշրջանում կայունության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը նպաստող դիրքորոշմանը` Հայաստանը մասնակցում է տվյալ նախաձեռնության ձևավորման շուրջ ընթացող բանակցություններին: Անցյալ տարի հունիսին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի կողմից առաջ քաշված Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի մշակման շուրջ քննարկումներ սկսելու առաջարկը ևս էական նշանակություն ունի Հարավային Կովկասում անվտանգության համակարգի ձևավորման համար: Հայաստանը կողմնակից է տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու կայունության ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնության և պատրաստ է դրանց շրջանակներում երկկողմ և բազմակողմ քննարկումների անցկացմանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իր միջնորդական ջանքերն է շարունակում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայաստանը կարևորում է Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը և որևէ պատճառ չի տեսնում այդ գործընթացում առկա ձևաչափի փոփոխման համար: Միաժամանակ տարածաշրջանը զերծ չէ մարտահրավերներից և սպառնալիքներից: Մասնավորապես, Հայաստանի համար անմիջական ռազմական սպառնալիքներն են`
- Ղարաբաղյան հակամարտության առկայությունը և հակամարտող կողմերի միջև կարգավորման փոխհամաձայնեցված քաղաքական-իրավական հիմքերի բացակայությունը
- Ադրբեջանի կողմից վարվող ռազմականացման քաղաքականությունը, ռազմական գերակայության հասնելու և ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժի կիրառմամբ լուծելու ձգտումը
- ՀՀ շրջափակումը և նրան տարածաշրջանում մեկուսացնելու քաղաքականությունը:
15 տարի առաջ այս օրերին ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանը ստորագրեցին զինադադարի համաձայնագիր, որը գործում է մինչ օրս: Չնայած դրան, Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար խախտում են զինադադարի պայմաններն ու փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ, փոխզիջումների վրա հիմնված կարգավորման օգտին, ցավոք, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Այդ համատեքստում առավել լուրջ մտահոգության առիթ է տալիս Ադրբեջանի կողմից իրականացվող զինված ուժերի լայնածավալ վերազինման քաղաքականությունը և ռազմական բյուջեի ծավալների կտրուկ մեծացումը: Ադրբեջանն արդեն իսկ բազմակի գերազանցել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված առաստաղները, հանգամանք, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում հաստատված փխրուն կայունությանը: Այս քաղաքականությունն ուղեկցվում է ղարաբաղյան հակամարտությունը զինված ուժի կիրառմամբ լուծելու ամենաբարձր մակարդակից հնչեցվող հայտարարություններով, ինչը լուրջ մտահոգություններ է առաջ բերում ադրբեջանական կողմի իրական մտադրությունների վերաբերյալ: Ինչպես բոլոր պետությունների, այնպես էլ Հայաստանի համար բացի անմիջական ռազմական սպառնալիքներից, առկա են նաև ռազմական վտանգներ, որոնց թվում են ՀՀ հարևան պետությունների և ընդհանրապես Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի ապակայունացումը, առկա կամ նոր հակամարտությունների հրահրումը, միջազգային ահաբեկչությունը, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրադեղերի, հոգեմետ նյութերի անօրինական շրջանառությունը, մարդկանց առևտուրը: Վերը թվարկված և այլ սպառնալիքների չեզոքացման համար Հայաստանն ընտրել է երկու հիմնական ուղի. բարեփոխումների իրականացմամբ ազգային պաշտպանական համակարգի հզորացումն ու ինտեգրման միջոցով անվտանգության միջազգային երաշխիքների ձեռքբերումը: Այս երկու ուղիները փոխկապված են: Բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանն ակտիվորեն օգտվում է ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական փորձից` հավատարիմ մնալով փոխլրացման սկզբունքի վրա հենված, նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը: Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման ապահովման գործում մենք կարևոր ենք համարում մասնակցությունը տարբեր միջազգային կառույցներին` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Անկախ պետությունների համագործակցությանը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի Խորհրդին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը և այլն: Հայաստանն ակտիվորեն համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի և կազմակերպության անդամ գործընկեր պետությունների հետ` Եվրատլանտյան գործընկերության խորհրդի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր» և մասնակցում ՆԱՏՕ-ի «Պլանավորման և վերանայման գործընթացին»: Հայաստանի կողմից իրականացվող նախաձեռնողական և հավասարակշռված արտաքին քաղաքականության վկայությունն է 2008 թ. ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կայացած «Բնագիծ 2008», իսկ Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում` «Համատեղ աղեղ» և «Համատեղ նիզակակիր» զորախաղերը: Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ասպարեզում այդ կազմակերպությունների ու համապատասխան ծրագրերի շնորհիվ ընձեռվող հնարավորություններն ու ռեսուրսներն ամենևին սպառված չեն: Ուստի և մենք նպատակադրված ենք խորացնելու մեր համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ բոլոր այն հարցերում, որոնց նկատմամբ մեր շահերն ու մոտեցումները իրար չեն հակասում: Ամփոփելով նշեմ, որ մենք կարևորում ենք տարածաշրջանային անվտանգությանը նվիրված միջազգային խորհրդաժողովների անցկացումը, որտեղ տարբեր երկրների անվտանգային ուսումնասիրություններով զբաղվող փորձագետները հնարավորություն ունեն արտահայտվելու և կարծիքներ փոխանակելու տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության խնդիրների շուրջ: Այս առումով գնահատելի է Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անվտանգային հիմնախնդիրներով զբաղվող կենտրոնների հետ: Այս խորհրդաժողովը, համոզված եմ, հարմար հրապարակ կհանդիսանա Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի վերաիմաստավորման գործընթացում կարևոր առաջարկների և գաղափարների ներկայացման առումով: Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք խորհրդաժողովի ընթացքում և հետաքրքիր հանդիպումներ մեր հյուրընկալ երկրում:
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆն էլ, կարևորելով նման գիտաժողովների անցկացումը, անդրադարձավ անցյալ տարվա օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ այն իր մեջ պարունակում է ինչպես նոր սպառնալիքներ, այնպես էլ նոր հնարավորություններ: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես կգան նաև փորձագետներ Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը` մայիսի 15-ին: