ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

14 Мая, 2009 00:00
Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը՝ դրական համարեց ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանի հասարակական կազմակերպությունների հովանավորումը զորակոչի դիտարկումների անցկացման գործում, քանի որ դրանց արդյունքում մշակվող զեկույցները կարող են օժանդակել հայտնաբերված թերությունների վերացմանը: Նշվեց, որ գործում է «թեժ գիծ»՝ դիտարկմանը օպերատիվ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցությանը ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության, ռազմաուսումնական հաստատությունների հետ: Քննարկվեցին նաև ՀՀ զինված ուժերի հետ ԵԱՀԿ հետագա համագործակցության հետ կապված մի շարք խնդիրներ:
  • Поделиться