Հուշակոթող՝ նվիրված արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին

22 Мая, 2009 00:00
Ս.թ. մայիսի 22-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց մայրաքաղաքի Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի բակում արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակի համար կանգնեցված հուշակոթող-ցայտաղբյուրի բացման արարողությանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին Սեյրան Օհանյանը նշեց, որ յուրաքանչյուր այսպիսի միջոցառում ռազմահայրենասիրական դաստիարակության յուրահատուկ դաս է՝ որը մատաղ սերնդի շրջանում ամրապնդում է սերն առ հայրենիք, ինչպես նաև նպաստում է նահատակ ազատամարտիկների սխրանքն ու խիզախումը վառ պահելու գործին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ասմունքեցին ու երգեցին: Նրանց անկեղծ կատարումները դրական լիցքեր ու բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Այնուհետև՝ հուշակոթող-ցայտաղբյուրի բացման արարողությունից հետո, դպրոցի սրահում բացվեց փառքի անկյունը, որտեղ ցուցապաստառների վրա փակցված լուսանկարներն ու գրառումները հիմնականում վերաբերում էին արցախյան հերոսամարտի տարեգրությանը: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ալվարդ Առաքելյանը պաշտպանության նախարարին հանձնեց խորհրդանշական հուշանվեր:
  • Поделиться