ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
30 Мая, 2009 00:00Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստերին մասնակցելու նպատակով:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդունված որոշման իրականացման հետ կապված հարցեր և դրանց ձևավորման ու կիրառման նորմատիվ-իրավական փաստաթղթերը: Նախատեսվում է քննարկել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի` մինչ 2010թ. ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության Ծրագրի կատարման ընթացքի և հեռանկարների, Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ղեկավարման մարմինների ստեղծման հիմնական սկզբունքների մասին համաձայնագրերի նախագծերի վերաբերյալ զեկույցը:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուսումնասիրմանը կներկայացվեն նաև Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակի կայունացմանը, սպառնալիքների և մարտահրավերների հակազդմանն ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործողությունների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվությունների 2009թ. երկրորդ կիսամյակի և 2010թ. առաջին կիսամյակի ծրագրերի նախագծերը: