Հանդիպում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում
17 Июля, 2009 00:00Ս. թ. հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ այցելեց ԱՄՆ–Հայաստան պաշտպանական համագործակցության պլանավորման համաժողովին մասնակցող պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի գրասենյակի, Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության, ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ-ի ծովային հետևակի հրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:
Պատվիրակության անդամներին ընդունեց ԱՌՀԻ-ի պետ, Պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Հանդիպման ընթացքում դոկտոր Քոթանջյանը լուսապատկերման միջոցով ամփոփ ու բովանդակալից կերպով ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության մշակման, ինչպես նաև ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հիմնադրման և զարգացման ամբողջ գործընթացը: Նա մանրամասն կերպով ներկայացրեց ԱՌՀԻ-ի կառուցվածքը, գիտահետազոտական–վերլուծական և գիտահրատարակչական գործունեությունը, զարգացման հեռանկարները:
Գեներալ-մայոր Քոթանջյանը բարձր գնահատեց ամերիկյան գործընկերների օգտակար ու ակտիվ մասնակցությունը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակման համակարգման գործում: Նա նաև մեծապես կարևորեց ԱՌՀԻ-ի հետ համագործակցությունը սերտացնելու հյուրերի պատրաստակամությունը: