«Ես կերազեի իմ ենթակայության տակ այնպիսի զինվորներ ունենալ, ինչպիսիք հայ խաղաղապահներն են»,- ասել է գեներալ Քեյը:
21 Июля, 2009 00:00Միջազգային անվտանգությանն իր մասնակցությունը բերելու մասին Հայաստանի ղեկավարությունը հայտարարել էր դեռևս 2000թ., առաջնորդվելով այն սկզբունքով, որ միջազգային ասպարեզում մեր երկիրը չպետք է լինի միայն անվտանգության սպառող, այլև իր հաստատուն ներդրումը պետք է ունենա համաշխարհային անվտանգության գործընթացներում: Եվ ահա 2001թ. հուլիսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Նյու Յորքում ստորագրվեց խաղաղապահ գործողությունների համակարգին Հայաստանի միանալու հուշագիրը և նույն տարում մեր զինված ուժերի կազմում ձևավորվեց 3 դասակից բաղկացած 12-րդ խաղաղապահ գումարտակը:
Հերթափոխից հերթափոխ թե Կոսովոյում և թե Իրաքում հայ խաղաղապահները կատարելագործեցին իրենց գիտելիքները, ունակություններն ու կարողությունները, հարստացրին փորձը՝ աչքի ընկնելով մարտունակությամբ և կամային հատկանիշներով՝ միաժամանակ ձեռք բերելով նաև վստահելի գործընկերոջ համբավ: Եվ պատահական չէ, որ նրանք իրենց գործունեության ընթացքում ցուցաբերած մարդասիրության և բարձր պատրաստվածության համար բազմիցս արժանացել են ԱՄՆ-ի, Լեհական ու Հունական, ինչպես նաև ՀՀ ՊՆ հրամանատարության խրախուսանքին ու բարձր գնահատականներին:
Խաղաղապահների պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին խաղաղապահ բրիգադում: Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոթհեն, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
Ողջունելով և շնորհավորելով բրիգադի անձնակազմին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի, ԱՄՆ-ի և Լեհաստանի կառավարությունների կողմից հանձնված պարգևները փաստում են, որ մեր զինծառայողները միջազգային առաքելություններ իրականացնելիս բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն են կատարել իրենց առջև դրված խնդիրները:
«Հայ խաղաղապահներն առանձնահատուկ են իրենց պարտականությունները կատարելիս. դրսևորում են նվիրվածություն և արհեստավարժություն»,- իր ելույթում մեր տղաներին այսպիսի գնահատական տվեց Թոդ Բանթինգը:
Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրուցելիս պատմել է, որ երբ ինքը Կոսովոյում էր, ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Քեյն ասել է, թե կերազեր իր ենթակայության տակ այնպիսի զինվորներ ունենալ, ինչպիսիք՝ հայ խաղաղապահներն են: