Բարի երթ ձեզ, ազգային բանակի նորընծա սպաներ
30 Июля, 2009 00:00Հուլիսի 30-ին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ անցկացվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինտիտուտի և Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 2009թ. շրջանավարտներին սպայական վկայականներ հանձնելու արարողությունը: Տոնական օրը կրկնակի խորհուրդ ուներ, լրացավ նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-րդ տարեդարձը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, նրանց ծնողներն ու հարազատները և այլ հյուրեր: Երկրի բարձրաստիճան ղեկավարությունը նորընծա լեյտենանտներին հանձնեց սպայական վկայականները:
Շրջանավարտների ձայնի մեջ հուզմունք կար ու հպարտության զգացում: Չէ՞ որ նրանք ընտրել են հայրենիքի պաշտպանի պատվավոր ճանապարհը, և այս պահը դառնալու է նրանց կյանքի ամենահիշարժան դրվագներից մեկը: Ողջունի ու շնորհավորանքի խոսքեր հղեցին ՌԻ պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շրջանավարտներ ու ծնողներ: Հանրապետության հրապարակում կուռ շարքերով անցան մեր շրջանավարտներն ու կուրսանտները՝ համակված ոգևորության ու հպարտության զգացողությամբ:
Համոզված ենք, որ ազգային բանակի շարքերը համալրած սպաները հետագա ծառայության ընթացքում կդրսևորեն իրենց բացառապես դրական կողմերով և միշտ բարձր կպահեն հայ զորականի պատիվն ու բարի համբավը: Բարի երթ ձեզ, սիրելի սպաներ: