Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում
31 Июля, 2009 00:00Ս.թ. հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Կատարողական կարգապահության վիճակի և նրա հետագա բարելավման աշխատանքների ձևերի և մեթոդների կատարելագործման խնդիրների մասին» զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների շտաբերի պետեր, պաշտպանության նախարարի վարչական ապարատի բաժինների պետեր, ֆինանսական գործառույթներ իրականացնող առանձին բաժինների պետեր: Կատարողական կարգապահության վիճակի բարելավման ուղղությամբ արվեցին համապատասխան առաջարկներ:
Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ հարկ է պատշաճ վերահսկողություն իրականացնել նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամանների և կարգադրությունների ժամանակին կատարման համար: Նախարարը նաև շեշտեց, որ բանակի հրամանատարությունը և սպայական կազմը մշտապես պետք է հանդես գան նախաձեռնություններով՝ ազգային բանակի մարտունակությունը էլ ավելի բարձր աստիճանի հասցնելու համար: