ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի պատվիրակությանը
9 Сентября, 2009 00:00Ս.թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնին, դոկտոր Ռոջեր Կանգասին և գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանին:
Զրույցի ընթացքում Ս. Օհանյանն ընդգծեց, որ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը շարունակում է զարգանալ ռազմական կրթության, ռազմաբժշկական, ականազերծման, խաղաղապահ կարողությունների բարձրացման, պաշտպանության ռազմավարական վերանայման ոլորտներում: Կարևորվեց միջազգային բարձր հեղինակություն վայելող ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հետ համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, մասնավորապես` ՀՀ ԶՈՒ ավագ սպայական կազմի ուսուցումը, հետազոտությունների անցկացումը և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ամերիկյան կենտրոնի և Ջ. Մարշալի անվան եվրոպական անվտանգության հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ «Աղետների արձագանքման անվտանգության մարտահրավերները» խորագրով համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը: Ընդգծելով, որ միջոցառումը ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին աղետների արձագանքման ուղղությամբ միջգերատեսչական համագործակցության մակարդակը ևս մեկ անգամ փորձարկելու և զարգացնելու հնարավորություն կընձեռի, Ս. Օհանյանը նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց: