ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

11 Сентября, 2009 00:00
Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդագրություն, որ իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետևանքով 5 հայ զինծառայող զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով հանդես է եկել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:
Նույն օրը երեկոյան ադրբեջանական vesti.az կայքը հարցազրույց է տպագրել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի հետ, ով, չկարողանալով պատասխանել հարցին, թե դիակների բացակայության պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել զոհերի կոնկրետ թվի մասին, ասել է, թե «ցանկացած հարձակում ուղեկցվում է անձնակազմի կորուստներով՝ անկախ նրանից՝ հայկական կողմը կհրապարակի կորուստների թիվը, թե՝ ոչ»:
«Ռազմական փորձագետ» Ջաֆարովի և ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի և հասարակության «մարտական ոգին»՝ միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը: Ասվածի ապացույցը նաև vesti.az կայքում տեղադրված սպանված մեկ զինվորի լուսանկարն է՝ մակագրված որպես «զոհված հայ զինվորներ»: Սակայն զավեշտալին այն է, որ լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվորի դիակ, որն արդեն տեղադրված է եղել www.kprf.ru ՌԴ կոմունիստական կուսակցության կայքում (http://kprf.ru/international/59203.html):

  • Поделиться