ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

19 Сентября, 2009 00:00
ՀՀ Զինված ուժերում ընթացող բարեփոխումների շրջանակում, Պաշտպանության նախարարի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում շարունակվում են հանդիպումները Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների ու ճեմարանի սաների միջև, որոնք նպատակ ունեն բարձրացնելու հոգևորական ուսանողների իմացության մակարդակը Զինված ուժերում տեղի ունեցող զարգացումների, բանակային առօրյայի վերաբերյալ:
Ս. թ. սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ Վազգեն Մարգարյանի և հանդեսի Գիտական խմբագրման բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Զարզանդ Ասատրյանի հանդիպումը ճեմարանի տեսչության անդամների և սաների հետ:

Ներկայացնելով Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը` հյուրերը նշեցին, որ իր գործունեության շրջանակներում այն զգալի ուշադրություն է հատկացնում նաև տեղեկութահոգեբանական բացասական ներգործության, դրա կանխման և հակազդման, ինչպես նաև դրանից զինծառայողների պաշտպանվածության, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների ուսումնասիրմանը, հրատարակում տեղեկատվական հակազդեցության վերաբերյալ գիտակիրառական նշանակություն ունեցող մասնագիտական մշակումներ: Գնդապետ Մարգարյանը ներկայացնելով «Զինծառայողների պաշտպանությունը հավանական հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից» թեման նշեց, որ այդ գործընթացը ենթադրում է համակարգված և համակողմանի մոտեցում` հաշվի առնելով տեղեկութահոգեբանական պատերազմների վարման ժամանակակից մեթոդներն ու մեխանիզմները: Նա ճեմարանի գրադարանին նվիրեց «Մարտական գործունեության հոգեբանական հիմքերը» վերնագրով իր մենագրական աշխատության օրինակներ: Խոսելով «Զինվորական կոլեկտիվում քրեածին վարքի նորագոյացությունների հետազոտման մոտեցումները պաշտպանական բարեփոխումների համատեքստում» թեմայից` փոխգնդապետ Ասատրյանը կարևորեց այն փաստը, որ ժամկետային զինծառայողների շրջանում քրեածին վարքի բացահայտումը և դրա կանխման հոգեբանական ուղիների մշակումը համահունչ է պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների էությանը, նպատակներին և պահանջներին: Ելույթներին հետևեցին ճեմարանի սաների բազմաբնույթ ու բազմաթիվ հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ ներկայումս ընթացող պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով բանակ–եկեղեցի սերտ կապը` ապագա հոգևորականներն ուրախությամբ նշեցին, որ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի զինվորական մտավորականների հետ այսօրինակ հանդիպումները արդեն կրում են պարբերական բնույթ, ավելին` դրանք վերաճել են կայուն համագործակցության ի շահ ազգային բանակ և ազգային եկեղեցի կապի խորացման: Հանդիպման վերջում ճեմարանի սաները անակնկալ մատուցեցին հյուրերին` նրանց համար կատարելով Սարդարապատին նվիրված մի գեղեցիկ երգ:
  • Поделиться