Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է բելառուսահայ համայնքի հետ
30 Сентября, 2009 00:00Բելառուսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 28-ին Մինսկում կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը բելառուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Օհանյանը Բելառուս է ժամանել ռուս-բելառուսական համատեղ «Արեւմուտք 2009» զորավարժությունների ամփոփիչ փուլին մասնակցելու նպատակով:
Պաշտպանության նախարարը հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի Զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների, դրանց լուծմանն ուղղված միջոցառումների եւ իրականացվող բարեփոխումների մասին:
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայ-բելառուսական բազմակողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հատկապես` պաշտպանության ոլորտում: Նա պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ: