Սեյրան Օհանյան. «Սիրել թշնամուն՝ նշանակում է չմոռանալ նրա գոյությունը»
16 Октября, 2009 00:00ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին
–Կյանքն Աստծու ամենամեծ պարգեւն է, եւ ոչ ոք չպետք է ուրիշի արյունը թափի, սակայն հանուն հավատի, հանուն հայրենիքի՝ զինվորը, մարտիկը, նույնիսկ պարտավոր է դա անել։ Եթե հավատը, հայրենիքը նույնպես Աստծու պարգեւ են, ուրեմն արդյոք գերակայության խնդիր կա՞ պարգեւի եւ պատվիրանի միջեւ։
–Խուսափելով հատկապես հայերենի բառախաղերի հարուստ հնարավորություններն օգտագործելու գայթակղությունից՝ միայն ասեմ, որ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերի նմանությամբ («ի պատկերի յուրում»), եւ յուրաքանչյուր ոք իրեն պաշտպանելիս դիմակայում է նրան, ով ձեռք է բարձրացնում Աստծու պատկերի նմանությամբ ծնվածի վրա։ Որպես պաշտպանության նախարար, մի հարցում համոզված եմ. իր ժողովրդի, իր հայրենիքի պաշտպանը մարդասպան չէ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջը կատարողը մարդասպան չէ։ Այս հարցը դարեր շարունակ եղել է մարդու ուսումնասիրության առարկան՝ անկախ կրոնական դավանանքից։ Եվ մեր եկեղեցին պատասխանել է այս հարցին՝ հստակ տարանջատելով սպանությունը եւ հայրենիքի պաշտպանության համար հակառակորդին ոչնչացնելը։ Սպանություն ասելով հասկանում ենք քրեական հանցագործություն, որն ունենում է որոշակի դիտավորություն եւ հետապնդում է անձնական, քրեական, շահադիտական կամ այլ նպատակներ։ Սա ոչ միայն քրեորեն պատժելի արարք է, այլեւ մեծագույն մեղք։ Հայրենիքի եւ հավատի համար մարտնչող զինվորը, ոչնչացնելով թշնամուն, հանցանք եւ մեղք չի գործում։ Ընդհակառակը՝ դրանով նա պաշտպանում եւ փրկում է իր մերձավորներին, իր հայրենակիցներին։ Եվ եթե մերձավորի կյանքը պաշտպանելու համար անհրաժեշտ է կրակել նախահարձակ թշնամու զինվորի վրա, ապա դա, պարտավորություն լինելուց բացի, նաեւ սեփական ժողովրդին պաշտպանելու աներեր պատրաստակամություն է։ Համաձայն քրիստոնեական եկեղեցու ուսմունքի, չպաշտպանելով, չկռվելով եւ իր հայրենակիցներին վտանգի ենթարկելով, մարդը դառնում է հանցագործության մեղսակից։ Դառնում է սպանության մասնակից։ Ընդհանրապես, կարող եմ ասել, որ զինվորը պատերազմի դաշտում մեծ զոհողությունների է դիմում։ Նա ոչ միայն կատարում է մարտական առաջադրանքները, այլեւ մշտապես մտածում է իր զինակից ընկերների մասին՝ պատրաստ պաշտպանելու նրանց։ Եվ հաճախ, իր մարտական ընկերներին վտանգից զերծ պահելու համար ինքն է զոհվում, ինքն է նահատակվում։ Հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմությունը դրա վառ ապացույցն է։ Սա են վկայում նաեւ Սուրբ գրքի բազմաթիվ պատումները, որտեղ անհատները հանուն հավատի, հանուն պետության, հանուն մերձավորների պաշտպանության զենք են վերցնում եւ հաղթում թշնամուն։ Այնպես որ, չի կարելի զինվորի գործունեությունը համեմատել սպանության կամ այլ հանցանքի հետ։ Միաժամանակ, ուզում եմ հատկապես շեշտել, որ զինվորը պատերազմի դաշտում պարտավոր է լինել մեծահոգի եւ ներողամիտ հակառակորդի գերի ընկած զինվորի եւ խաղաղ բնակչության հանդեպ։ Նույնիսկ ամենավայրագ թշնամու՝ գերի հանձնված, անզեն, հետեւաբար՝ անպաշտպան զինվորի սպանությունը արդարացում չունի։ Սա արդեն մեծագույն հանցագործություն է եւ աններելի մեղք։ Սա արդեն սպանություն է։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում բազմաթիվ զորավարներ եւ թագավորներ, այսինքն՝ աշխարհիկ մարդիկ, սրբացվել են մեր եկեղեցու կողմից. օրինակ՝ Աբգար թագավորը, Տրդատ 2-րդը, Սարգիս զորավարը, Վարդան Մամիկոնյանը, Սահակ եւ Համազասպ իշխանները եւ այլք։ Ինչո՞ւ է այդպես. որովհետեւ նրանք մարտնչել են հանուն հավատի, հանուն պետության, հանուն իրենց ժողովրդի։ Ուզում եմ մեկ անգամ եւս նշել, որ չկա հակասություն պետության պաշտպանության եւ քրիստոնեական դավանանքի միջեւ։ Ինչ վերաբերվում է հայրենիքն ու հավատն Աստծու պարգեւ համարելուն, ապա հիշենք, որ մեր ժողովրդին որպես հայրենիք Հայկական լեռնաշխարհի բաժին ընկնելն ու քրիստոնեություն դավանելը որչափ պարգեւ են, նույնչափ եւ աստվածադիր օրենք։ Եվ օրենքը պաշտպանելիս, Աստծու պարգեւի ու պատվիրանի միջեւ գերակայության ու ստորակայության խնդիր չկա։ Հայկական բանակի զինվորներն ու սպաները Աստծուց իրենց տրված ու հայության նախորդ սերունդների կողմից այնքան զոհողությունների գնով իրենց ժառանգված հայրենիքն են պաշտպանում։
–Ամենեւին հեշտ չէ զենք կիրառելու պատրաստ լինելը, մարդու վրա ձեռք բարձրացնելը՝ ոչ միայն հավատացյալի համար, այլեւ՝ հավատի կողմնորոշում չունեցողի։ Արդյո՞ք բավարար չափով ագրեսիա պիտի ձեւավորվի մարդու հոգում, որպեսզի նա ունակ լինի զենք կիրառելու։ Չէ՞ որ պատերազմական գործողությունների ընթացքում նաեւ հարձակվող պետք է լինել՝ հաղթանակելու համար։
–Ինչ խոսք, մարդու համար հոգեբանական առումով հաճախ դժվար է լինում ձգանը սեղմելը անգամ թռչնի վրա կրակելիս, սակայն երկիրը պաշտպանելիս թշնամուն վնասազերծելու կամ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու հարցում, կարծում եմ, որեւէ երկընտրանք լինել չի կարող։ Այդ պարագայում անդրդվելի ես դառնում, քանզի համոզված ես, որ խիղճդ մաքուր է, իսկ գործդ՝ արդար։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր ասած «չափավոր կամ անհրաժեշտ ագրեսիվության» ձեւավորմանը, կասեմ, որ յուրաքանչյուր մարդ օժտված է անձնապաշտպանության բնազդով, որը, ճիշտ դաստիարակության դեպքում որակապես զարգանալով, վերաճում է հայրենիքն ու ազգակցին պաշտպանելու կարողության։ Եթե մարդն իրեն համարում է իր հայրենիքի մի մասնիկը, եթե առանց դատարկաբանության եւ ճոռոմ խոսքերի անկեղծորեն սիրում է իր հայրենիքը, ապա նրա պաշտպանության համար նա ագրեսիայի կարիք չունի։ Ողջ հասարակության գերագույն խնդիրն է 18—19 տարեկան զինվորի հոգում ոչ թե ագրեսիա, այլ հայրենասիրություն դաստիարակելը, նույն լեզվով խոսող ու գրող, նույն սրբապատկերի առջեւ մոմ վառող իր հայրենակցի նկատմամբ սեր եւ պատասխանատվության զգացում ներարկելը։ Սա է նաեւ բանակի խնդիրը, ու զինվորական հրամանատարությունը հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու համար այլ գերխնդիր չունի։
–Ինչպե՞ս է, որ զինվորը մարտի դաշտում գործում է «մենք»-ի գիտակցումով, իսկ պատերազմից հետո «մենք»-ը երբեմն, կարծես, կազմալուծվում է, եւ մնում է միայն «ես»-ը։
–Նախ ասեմ, որ չեմ կիսում ձեր կարծիքը, թե պատերազմից հետո «մենք»-ը կազմալուծվում է, եւ մնում է «ես»-ը։ Ուղղակի հիշեցնեմ պարզագույն մի ճշմարտություն. զինվորական արժեհամակարգը բարոյապես շատ ավելի խիստ է, քան առօրյա կյանքում գործող օրենքները։ Բանակում զինծառայողը միայնակ չէ, այլ զինվորական կոլեկտիվի կարեւոր մասնիկն է։ Զինվորը ռազմաճակատում «մենք»-ի գաղափարով է առաջնորդվում, որովհետեւ իր պաշտպանած հայրենիքը հավաքական հասկացություն է։ Սակայն բանակն այնպիսի համակարգ է, որտեղ «մենք»-ը եւ «ես»-ը միաձուլված են, եւ չի կարելի դրանք տարանջատել։ Չէ՛ որ յուրաքանչյուր զինվոր ունի իր «ես»-ը, իր անհատականությունը, եւ դրա հիման վրա էլ նա ստանում է իր կարողություններից բխող հրամաններ եւ հանձնարարություններ։ Այդ առանձին անհատականությունները, միավորվելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, դառնում են «մենք»։ Այդ նպատակը հայրենիքի պաշտպանությունն է։ Զինվորական հրամանատարության կարեւորագույն խնդիրներից մեկը Ձեր դիպուկ նշած «մենք» հասկացության դաստիարակումն է։ Ասեմ նաեւ, որ չեմ կարծում, թե վտանգի մեջ գտնվող մարտընկերոջը մենակ չթողնող զինծառայողի հոգում զորացրվելուց հետո իսկույն գլուխ բարձրացնի «ես»-ը՝ իր վատ իմաստով։ Բանակում զինծառայողը դաստիարակվում է անձնազոհության, կոլեկտիվ սխրանքի, մարտընկերոջն ամեն գնով օգնելու, հրամանատարության ամենադժվար առաջադրանքներն անպայման կատարելու ոգով։ Իսկ եթե այդ որակները հետո անհետանում են, կարծում եմ, զինվորականներին չէ, որ պիտի հարցնել։ Ի վերջո, պատմությունը վկայում է, որ հավաքական պատասխանատվության զգացումը նախկին զինվորի հոգում վտանգի պահին վերստին արթնանում է, եւ առանձին «ես»—երի հանրագումարը պատերազմի ժամանակ նորից դառնում է «մենք»։
–Պատերազմից բացի, կա՞ն, արդյոք, այլ իրավիճակներ, երբ սպանությունն առավելապես բարիք է, քան չարիք։
–Ցանկացած պարագայում սպանությունը երբեք չի կարող բարիք լինել։ Այն ամենամեծ չարիքներից մեկն է, եւ այս իմաստով պատերազմը իրավամբ կարելի է համարել մարդկության մեծագույն աղետ։ Սակայն հստակ տարբերակենք մի երեւույթ, որին մենք անդրադարձանք զրույցի ընթացքում։ Զինվորականը չի սպանում. նա պաշտպանում է իր հայրենիքը։ Ու զինվորական հրամանատարության կարեւորագույն խնդիրն է հայրենիքի պաշտպանության համար կիրառել բոլոր հնարավոր միջոցները՝ այդ թվում պաշտպանությունը, հարձակումը եւ այլն։ Հիշենք, որ դեռ Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» տեղ գտած այս խնդիրներն այսօր միջազգայնորեն ընդունված «Զինված ընդհարումների իրավունքի» հիմքն են կազմում։ Իսկ ինչ վերաբերում է սպանություն հասկացությանը, ապա եթե թշնամու անիմաստ սպանության դեպք լինի, դրան դիմող զինծառայողի գործի քննության ընթացքը, իմ լիազորությունների սահմաններում, խոստանում եմ, որ անձամբ եմ վերահսկելու։ Կրկնում եմ՝ բանակի խնդիրը սպանելը չէ, սպանող բանակն այլեւս բանակ չէ, այն արդեն վերածվում է «հրոսակախմբի» եւ չի կարող իր հայրենիքն ու ժողովրդին պաշտպանել։ «Սպանելն» ու «ոչնչացնելը» բանակային տերմինաբանությամբ համազոր հասկացություններ չեն, ոչ միայն պատերազմական, այլեւ իրավական հարթությունում եւս բոլորովին տարբեր գործողություններ են։ Ես պաշտպանության նախարար եմ ու պարտավոր եմ անել հնարավոր ամեն ինչ, որ իմ զինվորը, իմ սպան ոչ թե խաղաղ բնակիչ կամ ռազմագերի սպանի, այլ մարտական ու պետական պարգեւների արժանանա։ Ի վերջո, հիշենք, որ խաղաղ կյանքի նորմերի կարգավորմանը կոչված քրեական իրավունքը եւս ընդունում է անհրաժեշտ ինքնապաշտպանության իրավունքը։ Եվ հասարակության համար վտանգ ներկայացնող զինված մարդասպանին կամ ավազակին վնասազերծող ոստիկանի գործողությունները երբեք սպանություն չեն համարվում, ու նույն կերպ, սպանություն չի կարելի համարել զինվորի դիպուկ կրակոցը։
–Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է սիրել թշնամուն։
–Կարիք չկա թշնամուն սիրել կամ ատել, ինչպես նաեւ դասակարգել ըստ ազգությունների կամ կրոնի։ Ցանկացած պետության ներկայացուցիչ, ով վտանգ է ներկայացնում մեր երկրին, համարվում է թշնամի։ Սակայն ուզում եմ նշել, որ թշնամուն պետք է հարգել, չթերագնահատել նրա հնարավորությունները ու, ամենակարեւորը՝ չմոռանալ նրա գոյությունը։ Անհնար է սիրել թշնամուն ու միաժամանակ պատերազմել նրա դեմ։ Հակառակորդի որոշ վեհանձն կամ անձնուրաց քայլերը կարելի է հարգել, կարելի է խղճալ կամ մարդկայնորեն վերաբերվել նրան, սակայն մենք պարտավոր ենք միշտ զգոն լինել թշնամու նկատմամբ։ Այսօր իմ զինվորներին, իմ ազգի զավակներին դավադիր գնդակով սպանող թշնամուն ինչպե՞ս սիրեմ... Կարծում եմ, որ թշնամուն գեթ ոչ թե սիրելու, այլ գոնե անդարձ կերպով չատելու միակ եղանակը նրան զսպելն է։ Ու սա է մեր բանակի հիմնական խնդիրը, ինչը մենք մեր կարողացածի չափով ու մեր ժողովրդի օգնությամբ կատարում ենք։
Զրույցը՝ Աննա ԱԼՈՅԱՆԻ