ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

24 Октября, 2009 00:00
Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, մասնակցեց Բրատիսլավայում /Սլովակիա/ կայացած ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Բացման խոսքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությունը հանդիպմանը, քանի որ Հայաստանը, որպես Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակից ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիր, նման միջոցառմանը մասնակցում է առաջին անգամ. փաստ, որի շնորհիվ Աֆղանստանում իրականացվող գործողություններին ուժեր տրամադրող երկրներն այժմ կլինեն թվով 43-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է գործողությունների ընթացքում շարունակել սերտ երկխոսությունն ու համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակից երկրների պաշտպանության նախարարները համաձայնել են Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությանը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ գործողությունների ընթացքում աֆղան ժողովրդի կարողությունների օգտագործման, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորման, կառավարման բարելավման և Աֆղանստանի հարևանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться