Սեյրան Օհանյանը կարևորեց զինված ուժերի և գիտության համագործակցությունը
20 Ноября, 2009 00:00Բնագիտության և ռազմագիտության ոլորտների համագործակցությունը նպաստավոր է երկրի զարգացման ու անվտանգության համար:
Նոյեմբերի 20-ին ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագիրը կրող համահայկական երկրորդ կրթական գիտաժողովը: Այս տարի գիտական միջոցառման կազմակերպիչների շարքում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Իսկ գիտաժողովին մասնակցում են հանրապետության կրթական ու գիտական մի շարք հաստատություններ:

Գիտաժողովի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին ողջունեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա փաստեց, որ կրթության և գիտության զարգացմամբ մենք կարող ենք զրոյի հավասարեցնել այն քանակական առավելությունը, որ ունի մեր հակառակորդը: Նախարարը նշեց նաև, որ զինված ուժերի և գիտության բնագավառի համագործակցությունից կշահի մեր հայրենիքն ու պետությունը:
Սեյրան Օհանյանը ևս զեկույց էր ներկայացրել: «Բնագիտությունը և ռազմագիտությունը» թեմայով իր զեկույցում նախարարն անդրադարձավ ռազմական անվտանգության խնդիրներին, ռազմաարդյունաբերության համալիրի հագեցմանը: ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ բանակն ու կրթությունն անբաժանելի են և կարող են մեկը մյուսին հզորացնել: Պրոռեկտորը նշեց նաև, որ կրթական հաստատություններում պատրաստվում են գրագետ, խելացի զինապարտներ, ովքեր զինված ուժերում շարունակում են զարգացնել դպրոցում և բուհում ստացած իրենց գիտելիքները: Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն վաղը` նոյեմբերի 21-ին:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն