ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀՀ ՊՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
2 Декабря, 2009 00:00Ս.թ. դեկտեմբերի 2-ին` Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբի անդամների՝ Կանադայի պաշտպանական ակադեմիայի նախկին դեկան, դոկտոր Ջիմ Բարեթի (խմբի ղեկավար), Կանադայի պաշտպանական ակադեմիայի դասախոս, փոխգնդապետ Էնդրյու Մաքնեիլի, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական քարտուղարության փորձագետ, փոխգնդապետ Ռենե Կունգի, Սարաևոյում տեղակայված խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոնի դասախոս, պրն. Հայնց Վեցչերայի և ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության՝ կրթական հարցերի համակարգող, պրն. Ժան Դանդուրայնի մասնակցությամբ, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցան «Փուլային զարգացման միջոցով ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխումը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի» խնդրին և ԱՌՀԻ-ի զարգացման հեռանկարին վերաբերող այլ հարցերի քննարկումներ:
ԱՌՀԻ-ի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը փորձագիտական խմբի անդամներին հանգամանալից կերպով ծանոթացրեց ԱՌՀԻ-ի կառուցվածքին, ներկա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, ներկայացրեց «ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի վերափոխելու ծրագրի մշակումը՝ որպես ՀՀ ՊՆ համակարգում պաշտպանական կրթության բարեփոխումների բաղադրիչ» վերնագրով զեկուցումը՝ կարևորելով ԱՌՀԻ-ի` ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի կերպափոխման ճանապարհին փորձագետների կողմից մասնագիտական առաջարկությունների անհրաժեշտությունը: Հանդիպումն անցավ մասնագիտական կարծիքների փոխանակման կառուցողական մթնոլորտում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն