Ս. Օհանյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

7 Декабря, 2009 00:00
Դեկտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:

Մարզում տեղակայված առանձին զենիթահրթիռային տեխնիկական բազայում նախարարը ծանոթացել է զորամասի խնդիրներին ու պայմաններին, զրուցել զինանձնակազմի հետ, կարևորել զորամասի դերը ԶՈՒ ՀՕՊ համակարգը մարտունակ պահելու գործում:

Հայաստանի հյուսիսարևմտյան սահմանագոտու օդային այս հատվածի հսկողությունն ու պահպանումն իրականացնում են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկի ռադիոլոկացիոն հանգույցի և 102-րդ ռուսական ռազմակայանի զենիթահրթիռային գնդի զինծառայողները: Հրամանատարական կետում Սեյրան Օհանյանին զեկուցվեց ընթացիկ ծառայության և մարտական հերթապահության արդյունքների մասին: Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարարը այցելել է նաև Անաստաս Միկոյանի անվան ավիացիոն բազա, 102-րդ ռուսական ռազմակայանում վերջերս կառուցված ռուսական եկեղեցի և զինվորական այլ ստորաբաժանումներ: Հարգանքի տուրք մատուցելով 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին` Ս. Օհանյանը Գյումրիում ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:
  • Поделиться