ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ՈՒՄ

10 Декабря, 2009 00:00
2009թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ԱՌՀԻ) տեղի ունեցավ ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող նորաստեղծ մասնագիտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, Ֆուլբրայթ ակադեմիական ծրագրի շրջանավարտ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթանեսյանի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված «Կոնֆլիկտային հաղորդակցությունները և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» ատենախոսության հրապարակային պաշտպանությունը:

Խորհրդի կազմում ընդգրկված են ԱՌՀԻ-ի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, Ռուսաստանյան ռազմագիտական ակադեմիայի իսկական անդամ, հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), քաղաքական գիտությունների դոկտոր գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը (նախագահ), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը, ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, հանրապետությունում արաբագիտական դպրոցի հիմնադիր, Հայ-Ատլանտյան ասոցիացիայի նախագահ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանը (նախագահի տեղակալ), քաղաքագիտության և պատմական գիտությունների այլ առաջատար մասնագետներ: Հայրենական անվտանգային և պաշտպանական քաղաքագիտության զարգացումը տեղափոխվում է որակապես նոր հարթություն: ԱՌՀԻ-ն կատարել է ակադեմիական առաջընթացի մի կարևոր քայլ՝ վերած-վելով գիտական աստիճաններ շնորհող գիտակրթական համալիրի, ինչի ապացույցն է նաև տեղեկատվական անվտանգության գծով քաղաքագիտության դոկտորական աստիճանի շնորհումը Ինստիտուտում գործող գիտական խորհրդի կողմից: ԱՌՀԻ-ն քայլ առ քայլ շարունակում է իր ուրույն և արժեքավոր լուման ներբերել հայրենական անվտանգային քաղաքագիտական մտքի զարգացման գործում: Դրանով իսկ ԱՌՀԻ-ն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանավորությամբ կատարում է պաշտպանական գերատեսչության դրոշի ներքո պաշտպանական և անվտանգային բնագավառներում ազգային մտավոր ներուժի, հատկապես՝ հանրապետության ունակ երիտասարդության կայացման ու համախմբման առաքելությունը, ինչպես դա ծրագրվել է պաշտպանության նախկին նախարար, ներկայիս Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться