ԶՈՒ ԳՇ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչության գործունեության մասին
1992թ. սեպտեմբերի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է հակաօդային պաշտպանության վարչությունը։
Միաժամանակ 1992թ. պլանավորվեց և իրագործվեց նախկինում ՀՕՊ զորքերում ծառայած պահեստայինների զորակոչը։ Ազատամարտի ընթացքում ստեղծվեցին հրամանատարական կետեր, զորամասերի և ստորաբաժանումների կառավարման ցանց և մի ամբողջ զենիթային հրթիռային ու ռադիոլոկացիոն համակարգ, որն էլ դրվեց մարտական հերթապահության։
Մոտոհրաձգային գնդերում և բրիգադներում ստեղծվեցին միաժամանակ հակաօդային պաշտպանության թեթև օղակներ, որոնք հետագայում վերածվեցին մարտկոցների և դիվիզիոնների։
Զենիթային հրթիռային տեխնիկայի ճիշտ տեղաբաշխումը և արդյունավետ օգտագործումը երաշխիք հանդիսացավ հակառակորդի օդային ուժերի կասեցմանը, մեր զորքերի ապահով առաջխաղացմանը և, որ ամենակարևորն էր, այն նպաստեց բնակչության և զորքերի ողջ անձնակազմի մարտական ոգու բարձրացմանը և հավատը դեպի հաղթանակ։
1992-1994թթ. մարտերի ընթացքում հակաօդային պաշտպանության զորքերը ոչնչացրել են հակառակորդի ինքնաթիռներ և ուղղաթիռներ, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա:
ՀՕՊ կազմակերպման փորձառությունը, որը ձեռք էր բերվել պատերազմի ընթացքում, ներկայումս նույնպես պահպանում է իր նշանակությունը` կարևոր ուղղություններում օգտագործելով իր հզորությունը և միջոցները, մարտական գործողությունների և զորաշարժերի ընթացքում պահպանելով այլ զորամասերի և ստորաբաժանումների հետ փոխգործողությունները և ներդաշնակությունը։
ՀՕՊ զորքերի զարգացմանը և կատարելագործմանը կարևոր և առանձնահատուկ դեր խաղաց ԱՊՀ երկրների «ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը:
Սկսած 1999թ. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ՀՕՊ զորքերը։
ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ
ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի անառիկության ապահովումը, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի կազմում` ՌԴ ռազմական բազայի ՀՕՊ և ավիացիայի ուժերի ու միջոցների հետ, հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի օդային տարածությունում, ԶՈՒ ՀՕՊ զորքերի առջև դրված մարտական խնդիրների կատարումը:
ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ
- շարունակել ՀՕՊ զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, բարձրացնել ՀՕՊ զորամասերի գործունեության արդյունավետությունը,
- օդային տարածությունում պետական սահմանի (շփման գծի) խախտումները կանխարգելելու և բացառելու, հերթապահ ուժերով ու միջոցներով օդային հակառակորդի հանկարծակի հարվածները հետ մղելու նպատակով հերթապահ ուժերն ու միջոցները մշտապես պահել համապատասխան պատրաստականության վիճակում,
- կատարելագործել զորքերի մարտական կառավարման համակարգը: