ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության հետ կապված հարցերում Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում է իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով և Ազգային օրենսդրությամբ:
Ազգային օրենսդրությունն է.
•  Լիցենզավորման մասին ՀՀ օրենքը (ընդունված 30.05.2001թ.),
• ՀՀ կառավարության 12.11.09թ. 1308-Ն որոշումը՝ Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին:
Հայաստանի Հանրապետությունը ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացում առաջնորդվում է վերը նշված 1308-Ն որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկով, որը իր մեջ ներառում է ԱՏԳԱԱ ծածկագրերը: Ռազմական նշանակության արտադրանքի ցանկերը թարմացվում են ամեն տարի՝ Վասսենաարյան համաձայնագրին համապատասխան:
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, ենթակա է պարտադիր լիցենզավորման:
Լիցենզիան տրամադրում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Լիցենզավորումը դեռևս բավարար չէ համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի համաձայն.
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում կամ արտահանում կամ տարանցիկ փոխադրում, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք նախքան ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում կամ տարանցիկ փոխադրում իրականացնելը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական պայմանագիր կնքելը պարտավոր են ստանալ լիցենզավորող մարմնի եզրակացությունը` այդ գործունեության` նպատակներին համապատասխանելու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվող ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաներից բխող եզրակացություններն այսուհետ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով: Սույն ընթացակարգը չի գործարկվում պետական գաղտնիք պարունակող և ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններում իրականացվող գործարքների պարագայում:

ՀՀ օրենքը լիցենզավորման մասին