Վարչապետը ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը և ընթրել զինծառայողների հետ

7 Մարտի, 2020 22:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ մարտի 7-ին ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը։ Մինչ այդ վարչապետին են ներկայացվել զորամասը համալրած նոր տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։ «Այն ժամանակ խոսում էինք, որ այս զորամասի ճաշարանը պետք է նորոգվի և այս ճաշարանի օրինակով մենք պետք է տեսնենք, թե ինչպես ենք պատկերացնում զինվորների նոր սննդակարգի մատակարարման ամբողջական պատկերը»,- ասել է վարչապետը։ Արդեն իսկ 43 զորամաս անցել է նոր սննդակարգին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինվորներին նոր սննդակարգով ապահովելու ծրագիրը և ընդգծել, որ գործընթացը կառավարության լիարժեք աջակցությունն է ունեցել առաջին րոպեներից։ «Պայմանը եղել է հետևյալը, որ մենք պետք է ամեն րոպե համոզված լինենք, որ յուրաքանչյուր կոպեկը ծախսվում է արդյունավետ։ Դա եղել է մեր պայմանը և դռնբաց, և դռնփակ քննարկումների ժամանակ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք թափանցիկ անենք ողջ պրոցեսը, վստահ լինենք, որ մեր զինվորի համար ամեն կոպեկը ծախսվում է մաքսիմալ արդյունավետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ծրագրի շրջանակում գնման գործընթացների, այդ թվում՝ ճաշարանների կառուցման ինստիտուցիոնալ կերպով կազմակերպումը պատշաճ ընթացակարգերով: «Մեզ պետք է ոչ թե փնտրել բարեխիղճ շինարար, այլ ունենալ ինստիտուտ, որպեսզի շինարարը տարբերակ չունենա բարեխիղճ չլինելու»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ԶՈՒ զորամասերի բոլոր ճաշարանների շինարարությունները պետք է կազմակերպվեն բացառապես մրցութային կարգով:

Վարչապետը ծանոթացել է զինծառայողների ճաշացանկին, զրուցել և ընթրել նրանց հետ:

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին առաջարկվում են բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև զորամասի ուսումնական մասում, որտեղ ներկայացվել է զինծառայողների ուսումնական գործընթացը:

  • Տարածել