ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարին

9 Փետրվարի, 2019 16:48
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Գեներալ Դվորնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին դիմավորել է ՌԴ հարավային ուղղությամբ տեղակայված զորքերի մարտական ղեկավարման կետում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի գործունեության, մարտական պատրաստության և ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը` Դավիթ Տոնոյանը և Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։

Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականցվող զորավարժությունների կազմակերպման և անցկացման բարձր մակարդակի ապահովումը: Շեշտվել է, որ 2019թ. ընթացքում անցկացվելու են մի շարք համատեղ միջոցառումներ, շտաբային մարզումներ և զորավարժություններ:

  • Տարածել