Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետին
30 Հոկտեմբերի, 2018 18:38Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և ընդգծել նրա ներդրումը բանակաշինության գործում, պաշտպանական ազգային հետազոտական համալարանի հիմնադրման և զարգացման ընթացքում։
Ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Գենադի Տավարածյանը պրոֆեսիոնալ, մարտական ուղի կերտած և զինված ուժերի համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորական է։
Իր խոսքում Դավիթ Տոնոյանը համալսարանի անձնակազմի առաջիկա գործունեության մի շարք առաջնահերթություններ և առանցքային կարևորություն ներկայացնող ուղղություններ է սահմանել` ռազմական գիտության զարգացում, հետազոտությունների արդյունավետության բարձրացում, համալսարանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի միջև կապի ամրապնդում, ուսումնական ձեռնարկների մշակման շարունակականության ապահովում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չափազանց կարևոր է Հայաստանում ռազմական էլիտայի ձևավորումը, որը հնարավոր է միայն ազգային ռազմակրթական հիմնարար միջավայր ստեղծելով։ Ազգային ռազմական էլիտան սուվերենության մենաշնորհն է, և այդ էլիտան իր հերթին հանդիսանում է սուվերենության երաշխավորը։
Դավիթ Տոնոյանի ձևակերպմամբ, հենց այդ ազգային սուվերենության շնորհիվ կայացած ռազմական էլիտան կարող է պահել և պաշտպանել ազգային ինքնությունն ու հայրենիքի անվտանգությունը։