ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԱԶՄԱՆՎԱԳԱԽՄԲԱՅԻՆ ԲԱԺԻՆ

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՌԱԶՄԱՆՎԱԳԱԽՄԲԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ - ԳԼԽԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԻՐԻԺՈՐ

Արմեն Պողոսյան

գնդապետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի պետ - գլխավոր զինվորական դիրիժորի պաշտոնում նշանակվել է 2009 թվականի փետրվարի 16-ին:

Ավելին

Բաժնի գործունեության մասին

1992թ. հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց 1-ին դեսանտագրոհային գունդը, որի կազմում և առաջին զինվորական նվագախումբը:

1992թ. մայիսին ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեյի շտաբի պետի հրամանով կազմավորվեց և 1997թ. նոյեմբերին ՊԲ հրամանատարի հրամանով վերահայտարարվեց պաշտպանության բանակի շտաբի զինվորական նվագախումբը:

Մինչ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության կազմավորումը, վերը նշված երկու նվագախմբերը, իրենց տարածաշրջաններում, կատարել են բոլոր խնդիրները միջոցառումների երաժշտական սպասարկման ուղությամբ:

1992թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց ՀՀ ՊՆ ռազմանվագախմբային ծառայութունը, որն 1996 թվականի հունվարի 25-ին պաշտպանության նախարարի հրամանով հանվեց պաշտպանության նախարարության կազմից և տեղափոխվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ: Այնուհետ 2009 թվականի փետրվարի 2-ին վերահայտարարվեց որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժին:

1992թ. նոյեմբերին օտարերկրյա պետական և գերատեսչական բարձրաստիճան պաշտոնյա հյուրերի, պատվիրակությունների պաշտոնական այցերի ժամանակ, դիմավորման և ճանապարհման հանդիսավոր արարողությունների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով նախատեսված զինվորական արարողությունների ու միջոցառումների երաժշտական սպասարկման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախումբը:

1992 թվականից ի վեր կազմավորվեցին ՀՀ ՊՆ և ՊԲ զորամիավորումները և զորամասերը իրենց ենթակա հաստիքային զինվորական նվագախմբերով, որոնց մասնագիտական ղեկավարումն ու վերահսկումը իրականացնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժինը:

2004թ. ՀՀ զինված ուժերի ռազմանվագախմբային ոլորտի զարգացման համար, ինչպես նաև հաստիքային զինվորական նվագախմբերը գրագետ զինվորական դիրիժորական կադրերով համալրելու նպատակով, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի և ՀՀ ՊՆ  կադրերի և ռազմական կրթության վարչության նախաձեռնությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարության միջնորդությամբ, ՀՀ կառավարությունը վորոշում ընդունեց, համաձայն որի ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև կնքվեց երկկողմանի պայմանագիր` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  նվագախմբային ֆակուլտետում զինվորական դիրիժորության խումբ ստեղծելու, զինվորական դիրիժորական կադրեր պատրաստելու համար:

2010թ. հունիսին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթը:


ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի գործունեությունը, նպատակները, խնդիրները.

ՀՀ պետական, կառավարական և գերատեսչական միջոցառումների, արարողությունների, հանդիսությունների և ծեսերի երաժշտական սպասարկումը: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի գործունեությունը սերտորեն կապված է զորքերի առօրյա կյանքի  և նպատակաուղղված է զինծառայողների հայրենիքին և ժողովրդին անմնացորդ նվիրվածության, զինվորական պարտքի անբասիր կատարման ոգով դաստիարակությանը:

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի խնդիրներն են.

  1. ՀՀ զինված ուժերի անձնակազմի գաղափարական, հայրենասիրական  և մշակութային դաստիարակությունը երաժշտության միջոցով,
  2. զինվորական նվագախմբերի համալրումը,
  3. զինվորական նվագախմբերի ծառայողական գործունեության կազմակերպումը և պատրաստումը,
  4. Պետական, կառավարական և գերատեսչական արարողությունների, ինչպես նաև հասարակական, մշակութային, զանգվածային և սպորտային միջոցառումների երաժշտական սպասարկումը,
  5. շարային երգերի ուսուցումը և ազդանշանորդ - թմբկահարների պատրաստումը ստորաբաժանումներում,

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժինն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. մասնակցում է զինվորական դիրիժորական կադրերի պատրաստմանը,
  2. զինվորական նվագախմբերի ծառայողական գործունեության բարելավման և ուսուցման կատարելագործման նպատակով իրականացնում է համապատասխան աշխատանքներ,
  3. կադրային և կազմզորահավաքային մարմինների հետ համատեղ դիրիժորներով և երաժիշտներով համալրում է զինվորական նվագախմբերը,
  4. սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է զինվորական նվագախմբերի և դիրիժորների համաբանակային մրցույթներ ու փառատոններ:
  5. մասնակցում է զինվորական նվագախմբերը փողային և հարվածային գործիքներով ու դրանց կից պարագաներով ապահովելուն,
  6. ընդհանրացնում և տարածում է զինվորական նվագախմբերի առաջավոր փորձը,
  7. հսկողություն է սահմանում զինվորական նվագախմբերի նվագացանկի գաղափարա-գեղարվեստական բովանդակության նկատմամբ: