ԶՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ալեքսան Ալեքսանյան

գեներալ-մայոր

ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2009 թվականի փետրվարի 27-ին:

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը կազմավորվել է 1993 թվականի հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

Կազմավորման օրվանից մինչ օրս Վարչության պետի ղեկավար պաշտոնը զբաղեցրել են՝

  • 1993թ. սեպտմբերի 1-ից մինչև 1995թ.օգոստոսի 19-ը` գեներալ-մայոր Արտուշ Օգանեզի Տեր-Թադևոսյանը,
  • 1995թ. օգոստոսի 19-ից մինչև 1999թ. օգոստոսի 20-ը` գնդապետ Գեղամ Բենյամինի Հարությունյանը,
  • 1999թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2000թ. հոկտեմբերի  3-ը` փոխգնդապետ Արայիկ Արտաշեսի Թադևոսյանը,
  • 2000թ. հոկտեմբերի 3-ից մինչև 2002թ. օգոստոսի 27-ը` գնդապետ Սուրեն Ցոլակի Գևորգյանը,
  • 2002թ. օգոստոսի 27-ից մինչև 2009թ. փետրվարի 27-ը` գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանը,
  • 2009թ. փետրվարի 27-ից մինչ օրս` գեներալ-մայոր Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը:

 

Ազգ-բանակ հայեցակարգային դրույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունը կոչված է իրականացնելու զինված ուժերի (զորքերի) բարոյահոգեբնական ապահովումը (ԲՀԱ) խաղաղ և պատերազմի ժամանակ` տեղեկատվական-դաստիարակչական, հոգեբանական, սոցիալ-իրավական, մշակութաժամանցային, զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներ կազմակերպելով, հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունից զորքերի (ուժերի) պաշտպանության միջոցառումներ իրականացնելով, տեղեկատվության և դաստիարակության տեխնիկական միջոցներով ապահովելով:

 

Ըստ ԲՀԱ բաղկացուցիչների` վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

Տեղեկատվական-դաստիարակչական աշխատանք.

  1. զինծառայողների շրջանում գաղափարական համոզվածության, կայուն բարոյահոգեբանական հատկանիշների ձևավորման և Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ անձնակազմի համախմբմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում,
  2. զինվորական կոլեկտիվներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման ու կանոնադրական կարգի ամրապնդման նպատակով «Ազգ-բանակ» հայեցակարգային դրույթների շրջանակում «Հայրենիքի պաշտպանի ձևավորման գաղափարական-ուսումնադաստիարակչական միջոցառումների ուրվագծի» համաձայն` մարտական ուսուցման պարապմունքների հետ համադրմամբ ու ներդաշնակմամբ ծրագրային միջոցառումների իրականացման վերահսկում,
  3. զինված ուժերում կրթամշակութային գործունեությունը խթանելու, զինծառայողների հայրենագիտական ու իրավական գիտելիքների տարածմանը նպաստելու, ազգային հոգեկերտվածքն ամրապնդելու նպատակով Հայ Առաքելական եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ հոգևոր-բարոյական դաստիարակության իրականացում, կրթամշակութային ակումբների, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների և ՀԿ-ների հետ համագործակցություն, համաբանակային մրցախաղերի կազմակերպում և անցկացում:

Հոգեբանական աշխատանք.

  1. անձնակազմի հոգեբանական պատրաստության, հոգեկան կայունության ապահովման, նյարդահոգեկան լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում,
  2. զինծառայողների անհատական-հոգեբանական առանձնահատկությունների համակողմա-նի, մանրակրկիտ ուսումնասիրում ու հոգեբանական ուղեկցում,
  3. «Ինթրա» հոգեկան առողջության պահպանման կենտրոնի և  բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ զինծառայողների հոգեբանական կայունությանն ու հոգեկան առողջության պահպանմանը, սպա-հոգեբանների վերապատրաստմանն ուղղված  ծրագրերի իրականացում,
  4. զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու երևույթների պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծում, դրանց կանխարգելման նպատակով համապատասխան սեմինարների և կոնֆերանսների անցկացում
  5. հոգեբանական օգնության կետերի գործունեության կազմակերպում,
  6. առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջարկությունների մշակում:

 

Զինվորական-սոցիալական (սոցիալ-իրավական) աշխատանք.

  1. զինծառայողների իրավունքների ու սոցիալական երաշխիքների պաշտպանության և ապահովման միջոցների ձեռնարկում,  խախտված իրավունքների վերականգնում, իրավական գիտելիքների մակարդակի բարձրացում, կազմակերպչական և կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ` զինվորական կարգապահության և կանոնադրական կարգուկանոնի,  ամրապնդում,
  2. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ զինծառայողների իրավական պատրաստության մակարդակի բարձրացմանն ու զինծառայողների մասնագիտական կողմնորոշմանը և համապատասխան խորհրդատվության տրամադրմանն ուղղված ծրագրերի իրականացում:

Մշակութաժամանցային աշխատանք.

  1. անձնակազմի լիարժեք հանգստի ու ժամանցի անցկացման համար համապատասխան պայմանների ապահովում, զինծառայողների հոգեկան լարվածության թուլացմամբ և զգացմունքային կայուն վիճակի պահպանմամբ  զինվորական կոլեկտիվներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման համար միջոցների ձեռնարկում,
  2. զինվորական պարտքի, հայրենական ավանդույթների նկատմամբ հավատարմության դաստիարակում, մշակութա-գեղարվեստական սպասարկում, պետական և տարածքային մշակութային մարմինների հետ համագործակցություն, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների հաղորդակցում ազգային և համամարդկային մշակութային արժեքներին,
  3. ԶՈՒ երգի և պարի համույթի մասնակցությամբ տարաբնույթ համերգային-ժամանցային միջոցառումների իրականացում:

 

Զորքերի (ուժերի) պաշտպանություն հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունից.

  1. դրված առաջադրանքների, խնդիրների պարզաբանում, տեղեկատվական իրավիճակի վերլուծությամբ հոգեբանական ներազդեցության ու քարոզչության, հոգեներգործուն միջոցների կիրառման կանխատեսում, կանխարգելման, խափանման և հետևանքների վերացման աշխատանքների իրականացում:

 

Տեղեկատվության և դաստիարակության տեխնիկական միջոցներով ապահովում.

  1. դաստիարակության տեխնիկական միջոցների և գույքի ձեռք բերման, հաշվառման ու բաշխման գործընթացի համակարգում, սարքինության վիճակի ապահովում և նպատակային օգտագործում: