Վազգեն Առաջին

Վազգեն Առաջին

Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին ք. Բուխարեստ (Ռումինիա): Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք։ 1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին: Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու Պատմություն Արծրունյաց տան աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: 1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վազգեն Ա անունով են կոչվում Վանաձորի թ. 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ ՀՀ Ազգային Հերոս (28.07.1994): Պարգևատրվել է «Հայրենիք» բարձրագույն կոչումով: