ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության. թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա:

ՌԲՖ-ի ընդունելությունը 1994-1995 թթ.-ին իրականացվել է` ուսանողներ հավաքագրելով ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական և սանհիգիենիկ ֆակուլտետների 5-րդ կուրսերից, իսկ 1996 թ-ին` առաջին կուրսից:

Ֆակուլտետի շրջանավարտների մեծ մասն այսօր ծառայում են տարբեր զորամասերում, կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետում` որպես զորամասերի բուժծառայության և բուժկետերի պետեր են, բժիշկ-մասնագետներ, դասախոսներ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ:

ՌԲՖ-ում պահեստազորի սպայի ծրագրով ռազմական և ռազմաբժշկական կրթություն ստանում են նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդինատորները:

ՌԲՖ-ի կուրսանտներն ուսուցման ընթացքում անցնում են նաև կլինիկական պրակտիկա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և Երևանի կայազորային հոսպիտալում, զորային ստաժավորում` ՀՀ ԶՈՒ զորամասերում և ուսումնամարտավարական հավաքներ` ուսումնական զորամասերում, մասնակցում են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության զորավարժություններին և ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ կողմից կազմակերպված հավաքներին:

Ֆակուլտետի սպայական, դասախոսական կազմն ու կուրսանտներն ակտիվորեն մասնակցում են ԵՊԲՀ-ի հասարակական կյանքին: ՌԲՖ-ը ստեղծել և կազմավորել է զոհված բժիշկ-ազատամարտիկներին նվիրված լսարան: Ռազմահայրենասիրական միջոցառումների շրջանակներում կուրսանտներն այցելություններ են կատարում Եռաբլուր, Մայր Հայաստան հուշահամալիրներ: