ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

1. Համալսարանի բակալավրիատի կուրսանտների ընդունելությունն իրականացվում է «ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման և «ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության վերաբերյալ հրահանգը և ընդունելության ընթացակարգը գործողության դնելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն:

Մրցութային կարգով Համալսարանի բակալավրիատ  կարող են ընդունվել հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտած անձինք, ովքեր համապատասխանում են «ՀՀ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետերով և «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգի» II գլխի 9-րդ կետով սահմանված պահանջներին՝

  • Հայաստանի Հանրապետության նախազորակոչային տարիքի քաղաքացիները,
  • օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած, ինչպես նաև պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները և զինծառայողները, ում տարիքը չի գերազանցում 23 տարեկանը (թեկնածուների տարիքը հաշվարկվում է ընդունելության տարվա օգոստոսի 1-ի դրությամբ):

2. Համալսարանի թեկնածուների անձնական գործերի ձևակերպումը քաղաքացիական անձանց համար կատարվում է տարածքային զինվորական կոմիսարիատներում, իսկ զինծառայողների համար՝ զորամասերում՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված ցանկի:

3. Թեկնածուն դիմում-հայտի հետ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ 

  • դիմում բնակության վայրի զինվորական կոմիսարի (զորամասի հրամանատարի) անունով, որտեղ նշվում են անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, կրթությունը և ինչ մասնագիտությամբ է ցանկանում ընդունվել,
  • անկետա,
  • մասնագիտական ընտրության քարտ,
  • ինքնակենսագրություն,
  • բնութագիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների համար (ուսման կամ աշխատանքի վայրից՝ քաղաքացիների համար),
  • բժշկական քարտ՝ ֆլյուրոգրաֆիկ, ուլտրաձայնային և այլ բժշկական հետազոտությունների վերաբերյալ նշումներով, մաշկավերերաբանական  տեղեկանք, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանքներ,
  • զինվորական կոմիսարի (զորամասի հրամանատարի) կողմից հաստատված ծննդյան վկայականի պատճենը՝ երկու օրինակից,
  • բնակության վայրի ոստիկանության բաժնում  հաշվառված չլինելու մասին տեղեկանք,
  • որդուն (դստերը) ուսման ուղարկելու վերաբերյալ ծնողների համաձայնագիրը՝ հաստատված նոտարի կողմից (մինչև 18 տարեկան քաղաքացիների համար),
  • ատեստատ միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),
  • տեղեկանք ընտանիքի կազմի մասին,
  • անձնագրի պատճենը (2-5-րդ էջերը),
  • սոցիալական քարտի պատճենը (տեղեկանք՝ հանրային ծառայությունների համարանիշ ներկայացնելու մասին),
  • գունավոր 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի):

Կցագրման վկայականը, անձնագիրը և ատեստատը՝ միասնական կարգով հանձնված քննությունների վկայագրերի հետ, թեկնածուները ներկայացնում են անձամբ՝ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին ներկայանալու օրը:

4. Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո թեկնածուների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է:

5. Քննություններին և մրցույթին մասնակցելու մասին դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:

6. Ընդունելության քննություններին մասնակցելու համար թեկնածուները լրացնում են մեկ միասնական դիմում-հայտ՝ իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրելով մասնագիտությունները:

7. Զինված ուժերից ներկայացած թեկնածուները Համալսարան ընդունվելիս չեն ազատվում իրենց պաշտոններից՝ մինչև Համալսարանում որպես կուրսանտ հրամանագրվելը:

8. Ընդունող հանձնաժողովը թեկնածուի ներկայացրած փաստաթղթերը կարող է վերադարձնել 3-րդ կետի համաձայն պահանջվող փաստաթղթերից թեկուզև մեկի բացակայության կամ ռազմական բժշկական հանձնաժողովի՝ ռազմական ուսումնական հաստատություն ընդունվելու համար ոչ պիտանի լինելու մասին որոշման առկայության կամ «ՀՀ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի 19-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ «պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով»:

9. «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների քննությունները թեկնածուները հանձնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ծրագրերին և գնահատման չափորոշիչներին համապատասխան, միասնական չափորոշիչների հիման վրա՝ միասնական քննությունների «Բ» տարբերակով, իսկ «Հայոց լեզու» առարկայի քննությունը՝ ավարտական քննությունների «Ա» տարբերակով:

10. Միասնական քննությունները հանձնած թեկնածուները (քննություններից դրական միավորներ ստանալու դեպքում) Համալսարանում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ենթարկվում են բժշկական զննության: Միայն դիմորդի առողջական վիճակի մասին ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում  է թեկնածուին թույլատրվում  մասնակցել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայի քննությանը և մասնագիտական կողմնորոշման ու պիտանելիության նպատակով անցկացվող թեստավորմանը:

11. «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից արական սեռի թեկնածուները քննությունը հանձնում են Համալսարանում՝ «ձգումներ պտտաձողի վրա», «վազք 100 մ» և «վազք 1000 մ» վարժաձևերից, իսկ իգական սեռի թեկնածուները՝ «ձգումներ պտտաձողի վրա» վարժության փոխարեն՝ «համալիր ուժային վարժություն՝ սեղմումներ գետնի վրա  և որովայնի պրես»:

12. Անհարգելի պատճառով քննության չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած թեկնածուն զրկվում է հետագա քննություններին մասնակցելու իրավունքից: 

13. Ընդունելության քննություններն անցկացվում են հայերենով: 

14. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) Համալսարանում անցկացվող քննությանը չներկայացած թեկնածուին թույլատրվում է հանձնել քննությունը, եթե քննությունների հանձնման ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել: 

15. Մրցութային քննություններից ստացած դրական միավորների (քննություններից միայն դրական միավորներ ստանալու դեպքում) գումարով և մասնագիտական կողմնորոշման ու պիտանելիության հոգեբանական թեստավորման դրական եզրակացությամբ թեկնածուն մասնակցում է հայտագրված համապատասխան մասնագիտությունների մրցույթներին:

16. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի քննությունների ժամանակ խարդախության փորձ կատարող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող թեկնածուին զրկելու հետագա քննությանը մասնակցելու իրավունքից: 
Ընդունող հանձնաժողովը, արձանագրված փաստի և հանձնաժողովի նախագահի որոշման համաձայն, իրավասու է զրկել թեկնածուին տվյալ քննությանը մասնակցելու իրավունքից: 

17. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած թեկնածուներից մրցույթից դուրս ընդունվում են հետևյալ անձինք՝ 

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների և զինծառայողների երեխաները,
  • իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
  • պարտադիր զինվորական ծառայություն անցած թեկնածուները:

18. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝ 

  • Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով (շքանշաններով և մեդալներով) պարգևատրվածները, 
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշմանդամ դարձած ծառայողների երեխաները, 
  • ծնողազուրկ երեխաները, 
  • Պաշտպանության նախարարության ծառայողները,
  • քննական առարկաներից միջազգային օլիմպիադաներում հաղթածները:

19. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթով անցած թեկնածուները երիտասարդ մարտիկի պատրաստության փուլն ավարտելուց և զինվորական երդում ընդունելուց հետո, կուրսանտներ գրանցելու մասին Նախարարի հրամանները հիմք են զինծառայողներին զորամասի ցուցակներից, իսկ զինվորական ծառայություն անցած և նախազորակոչային տարիքի քաղաքացիներին՝ հաշվառման վայրի (իսկ հաշվառում չունեցողները՝ բնակության վայրի) զինվորական կոմիսարիատների այբբենական գրքերից հանելու և Ռազմական համալսարանի ցուցակներում ընդգրկելու համար:

20. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած թեկնածուներին, իրենց խնդրանքով, տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

  • Թեկնածուն կարող է ընդունելության քննության գնահատականը և մրցույթի արդյունքները բողոքարկել քննության գնահատականը կամ մրցույթի արդյունքները հրապարակելու (ցուցակները փակցնելու) պահից՝ 24 ժամվա ընթացքում:
  • Ընդունելության քննության գնահատականը բողոքարկելու համար թեկնածուն դիմում է ներկայացնում ընդունելության հանձնաժողով:
  • Ընդունելության հանձնաժողովը բողոքարկման դիմումը վերանայում է այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում թեկնածուին:
  • Բողոքարկման ժամանակ քննությունները չեն վերահանձնվում:
  • Բողոքարկված գնահատականը կարող է չփոփոխվել, բարձրացվել կամ իջեցվել:
  • Մրցույթի արդյունքները բողոքարկելու համար թեկնածուն դիմում է ներկայացնում Նախարարին:
  • Մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքը թեկնածուին են հայտնում ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Համալսարանի մագիստրատուրայի սպա-ունկնդիրների ընդունելությունն իրականացվում է «ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման և «ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության վերաբերյալ հրահանգը և ընդունելության ընթացակարգը գործողության դնելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության միջոցով, ստեղծված ընդունելության հանձնաժողովի կողմից՝ մրցութային հիմունքով՝ հաշվի առնելով մասնագիտական ընտրությունն ու ընդունելության քննությունների արդյունքները: